Սեպտեմբերի 24-ին հանդիպում է տեղի ունեցել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի միջև: Ինչպես նշվում է ոստիկանության պաշտոնական հայտարարության մեջ` Ջոն Հեֆերնը կարևորել է, որ քաղաքացիական ակցիաների ընթացքում ոստիկանության ծառայողները հիմնականում դրսևորել են հանդուրժողականություն և զերծ մնացել ուժային մեթոդներից: Անհասկանալի է Հեֆերնի նման հայտարարությունը, մանավանդ, որ սեպտեմբերի 12-ին ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ կոչ էր արվել ՀՀ կառավարությանը՝ շուտափույթ գործողություններ ձեռնարկել՝ դատապարտել այդ հարձակումները, անցկացնել քննություններ ու պատժել մեղավորներին. «պետությունը պետք է երաշխավորի, որ քաղաքացիները հավաքների, արտահայտվելու ու խոսքի ազատության իրենց հիմնարար իրավունքներից կարողանան օգտվել առանց հաշվեհարդարի վախի»: Նման հայտարարությունները չեն կարող կրել ուղղակի պրոֆիլակտիկ բնույթ, այլ դեսպանատունը պետք է որ նկատած լիներ քաղաքացիների իրավունքների ակնհայտ խախտումներ: Հատկանշական է նաև այն փաստը, որ քաղաքացիների վրա հարձակումները տեղի էին ունենում դեռևս օգոստոսի 22-ից, իսկ ոստիկանության անօրինականությունները՝ դեռ ավելի վաղ։ Բայց դեսպանատան կողմից նման կոշտ հայտարարություն եղավ միայն սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի Մաքսային միություն մտնելու հայտարարությունից հետո, որը կարծես ուղերձ էր` ուղղված վարչախմբին: Սակայն այսօր էլ Հեֆերնը հույս է հայտնում, որ որդեգրած քաղաքականությանը հավատարիմ՝ ոստիկանությունը կիրագործի մարդու իրավունքների պաշտպանությանն ու հասարակական կարգի պահպանմանն ուղղված իր առաքելությունը: ԱՄՆ դեսպանատանը դժվար թե տեղյակ չլինեին քաղաքացիներին առանց հիմնավորման բերման ենթարկելու դեպքերի մասին, չէին կարող տեղյակ չլինել Արգիշտի Կիվիրյանի, Դմիտրի Հարությունյանի, Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումների մասին, ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառման, տեսախցիկների առջև քաղաքացիներին ծեծի ենթարկելու դեպքերի չբացահայտման, քաղաքացիներին նստացույցի ժամանակ կյանքի, առողջության պահպանման նվազագույն պայմանների ապահովումից զրկելու՝ ոստիկանության գործողությունների մասին: Բայց ինչպես ասում են, իրավունքները՝ իրավունքներ, քաղաքականությունը՝ քաղաքականություն, չնայած որ այս իրավիճակում ԱՄՆ դեսպանատունը Արևմուտքից երես թեքելու համար պետք է փորձեր պատժել վարչախմբին: Բայց կարծես Հեֆերնը «ոնց որ լրիվ խառնել ա սաղ», կամ էլ Արևմուտքը այդքան էլ արևմուտք չէ, այլ ԱՄՆ-ը ավելի արևմուտք է` դրանով իսկ, այս պարագայում, ավելի մոտ արևելքին:
Սևակ Մամյան