ԱՄՆ գերագույն դատարանը երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին թույլ է տվել կիրառել նոր կանոնները, որոնք խստացնում են «Գրին քարտ»-ի տրամադրման գործընթացը: Նշվում է, որ Գերագույն դատարանի որոշումն ընդունվել է ձայների 5 կողմ և 4 դեմ հարաբերակցությամբ:
washingtonpost.com-ի տեղեկությունը փոխանցում է Lurer.com-ը, նշելով, որ միգրացիոն հարցերով պատասխանատուները կարող են հրաժարվել «Գրին քարտ» տրամադրել օրինական ներգաղթյալներին՝ հաշվի առնելով, որ վերջիններս կարող են օգտվել պետական նպաստներից և արտոնություններից, օրինակ՝ բժշկական ապահովագրությունից, պարենի կտրոններից:
Այժմ ԱՄՆ-ում մշտական բնակության համար դիմող ներգաղթյալները պետք է ցույց տան, որ չեն օգտվելու արտոնություններից, և որ պետության համար բեռ չեն դառնալու:
Ըստ ոլորտի փորձագետների՝ Թրամփի վարչակազմի վարած «միգրացիոն պատերազմի» շրջանակում սա ներգաղթյալների նկատմամբ ամենաթարմ հարձակումն է: Սա նշանակում է, որ աշխատավոր դասի ներկայացուցիչների համար ավելի դժվար կլինի ներգաղթել կամ շարունակել ապրել ԱՄՆ-ում:
«Սա ևս մի աղյուս է, որ դրվում է օրինական միգրացիայի դեմ Թրամփի վարչակազմի կողմից կառուցվող անտեսանելի պատի վրա»,- մեկնաբանել է Քորնելի համալսարանի իրավաբանական դպրոցի փորձագետ Ստեֆեն Յեյլ Լոերը: