Երևանի Ամիրյան 4 հասցեի նախկին բնակիչները բաց նամակ են հղել «Դեմ եմ» շարժման մասնակից ՀՀ քաղաքացիներին: Բնակիչների նամակը` ստորև.
«Մենք, լինելով պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչներ, 2005թ. ստիպված էինքՀայաստանի Հանրապետության հետ կնքել անշարժ գույքի իրացման և փոխհատուցման պայմանագրեր, համաձայն որի, 30 ամիս հետո, 2007 թ., պետք է մեր տների տեղում կառուցվող շենքից ստանայինք բնակարաններ։ Քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004թ. հուլիսի 23-ին կնքված պայմանագրով շենքի շինարարության վերջնաժամկետն էր 2007թ. հունիսի 1-ը (քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004թ. հուլիսի 23-ին կնքած պայմանագիր, էջ 2), սակայն 2008թ. միայն շենքի նախագիծն է հաստատվել։
2011–2012թ.թ. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, օգտագործելով իրենց քմահաճույքներին հնազանդ ֆինանսների նախարարությանը և ՀՀ դատարաններին, խախտելով ՀՀ օրենքները մեր՝ 23 ընտանիքների և 65 ընտանիք Ամիրյան 4 շենքից բնակարան գնողների վզին փաթաթեցին անժամկետ պայմանագրեր (տես` datalex.am)` այսպիսով ք. Երևան, Ամիրյան 4 շենքի շինարարության ավարտը թողնելով առանց մրցույթի Երևանի նախկին քաղաքապետ Ե.Զաքարյանի կողմից ընտրված կառուցապատողի ժառանգի քմահաճույքին:
Համաշխարհային իրավաբանության մեջ անժամկետ պայմանագիրը մի չտեսնված և չլսված բան է: Սա ՀՀ իրավաբանական մտքի նորամուծությունն է համաշխարհային իրավագիտության մեջ:
Վերջին 4 տարվա ընթացքում բազմիցս դիմել ենք ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, քաղաքապետին: Ապարդյուն: Ըստ երևույթին, հենց այդ պարոնների ցուցումով էլ ոտնահարվում է 88 ընտանիքների, 382 մարդու սահմանադրական իրավունքը (հոդված 31), ՀՀ օրենքները և ՀՀ անունից կառուցապատողի հետ 2004թ. հուլիսի 23-ին կնքած պայմանագիրը:
Հարգելի «Դեմ եմ» շարժման մասնակից ՀՀ քաղաքացիներ, մեր դառը օրինակի վրա Ձեզ պետք է պարզ դառնա, որ ՀՀ այսօրվա պաշտոնյաները ինչ անում են, անում են միայն իրենց անձնական շահերից ելնելով, և որ ՀՀ-ում չի գործում ոչ մի օրենք և նունիսկ պետության անունից կնքված պայմանագիրը այս պետական գործիչների համար 1 լումայի արժեք էլ չունի: Մեկ կուսակցական յուրայինի նյութական շահի համար նրանք պատրաստ են ոտնահարել ամբողջ ազգի շահը: 2005թ. ՀՀ մեզանից վերցրեց մեր սեփական տները` խոստանալով 2.5 տարի հետո տեղում կառուցվող շենքից բնակարաններ: Անցել է 9 տարի և ՀՀ—ն ոչ միայն չի կատարել իր վրա վերցրած պարտավորությունները, այլև իր կողմից ընտրած կառուցապատողին չի պարտադրում կատարելու ՀՀ հանդեպ վերցրած պարտավորությունները և թքած ունի իր մեղքով փողոցում հայտնված 382 ՀՀ քաղաքացիների վրա: Այս նույն` իրենց լեզվով ասած «քցելու» մեր վրա արդեն փորձարկված սխեման հիմա էլ կիրառում են ձեր հանդեպ: Մեզանից քցեցին մեր տները, Ձեզանից ուզում են քցել Ձեր քրտինքով աշխատած գումարները:
Հարգելի «Դեմ եմ» շարժման մասնակից ՀՀ քաղաքացիներ, պայքարեք, պայքարեք մինչև վերջ,որոհետև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ՀՀ այսօրվա պաշտոնյաների կողմից Ձեզ կողոպտելու վաղուց փորձարկված ձև է: Մենք Ձեզ հետ ենք և պատրաստ ենք մասնակցելու Ձեր պայքարի բոլոր դրսևորումներին:
Հարգանքով ք.երևան, փ. Ամիրյան 4-ի նախկին բնակիչներ»:
03.03.2013 թ.