Ամերիկյան Թենեսի նահանգի Նոքսվիլ քաղաքի դատարանը որոշում է կայացրել՝ 84-ամյա միանձնուհի Մեգան Ռայսին դատապարտել երեք տարվա ազատազրկման: Վերջինս 2012 թվականի ամռանը մուտք էր գործել Օկ-Ռիջ միջուկային ռազմական համալիրի տարածք, որտեղ իրականացվում է ուրանի արտադրություն: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ռայսը և ևս երկու հոգի, անցնելով փշալարերի վրայով, մուտք էին գործել արգելված տարածք, այնտեղ կախել պատերազմի դեմ ցուցապաստառներ և արտադրողական համալիրներից մեկի պատերին գրել են կարգախոսներ: Անվտանգության աշխատակիցների հայտնվելուն պես նրանք երեքն էլ հանձնվել են:
Անցած տարի օրինախախտները մեղավոր էին ճանաչվել այս հանցանքում: Բացի ազատազրկումից նրանք տուգանվել են հազար և 53 հազարական դոլարով` գույքին վնաս հասցնելու համար և որպես տույժ: Ռայսը անցած շաբաթ կայացած դատական նիստի ժամանակ ասել է, որ զղջում է մի բանի համար` որ այս քայլին չի դիմել ավելի վաղ: