ԱՄՆ հատուկ ծառայությունները Սոմալիում իրականացված օպերացիայի ժամանակ ցանկացել են ձերբակալել Քենիայի քաղաքացի Իքրիմա անունը կրող գրոհայինին։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով Սպիտակ տան իր աղբյուրին։
Ըստ նույն աղբյուրի՝ Իքրիման «Ալ-Շաբաբ» իսլամիստական խմբավորման ղեկավարներից մեկն է։ Մինչդեռ «Ալ-Շաբաբի» ներկայացուցիչներն ասում են, որ Սոմալի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող առանձնատանը, որի վրա հարձակվել են ամերիկացիները, պատկանել է այդ խմբավորման ղեկավար Ահմեդ Աբդի Գոդանիին։ Գրոհայինների կատաղի դիմադրությունից հետո ամերիկյան հատուկջոկատայիններն, ովքեր իրականացրել են Ուսամա բեն Լադենի չեզոքացումը, ստիպված են եղել նահանջել։
Հայտնի է նաև, որ հոկտեմբերի 5-ին ԱՄՆ հատուկ ծառայությունները Լիբիայում ձերբակալել են Անաս Ալ-Լիբիին, ով մեղադրվում է 1998 թվականին Թանզանիայում և Քենիայում ԱՄՆ դեսպանատների պայթեցման մեջ։