«Հետքի» հարցերին պատասխանում է արձակագիր Լևոն Ջավախյանը:
-Այսօր (նոյեմբերի 2-ին) «Շնողի օր» տոնակատարությունն է: Ի՞նչ զգացողությամբ եք մասնակցում Ձեր հայրենի գյուղի տոնին:
-Մարդ, որ հասակ է առնում` գնում է, բայց ու՞ր է գնում: Ուրեմն իմ տեսակի մարդը գնում է դեպի մանկություն, ոչ թե դեպի մահ: Իսկ մանկությունից հիշում եմ Շնողի Քամոտա Ղաշը, Վարդևորը, հետո Վարդևորի գեղավորը, որ էշը բեռնած գալիս էր սարը: Սարվոր երեխանց համար ամենաքաղցր նվերը էդ գեղավորն էր ու ծմակում կանգնած ձեռներս պարզած ասում էինք.
Այ գեղավոր լոլոկ տու,
Լոլոկ չունես, բոլոկ տու:
Էդ քաղցր հուշերով եմ եկել Շնող: Եկել եմ իմ լոլոկն ու բոլոկը տանեմ: Եսիմ, կտանեմ, թե չեմ տանի, որովհետև էս մանկության թախիծի հետ, նաև գյուղը տեսնելով` ուրախության հետ իմ մեջ ամեն ինչ շաղախված է նաև տխրությամբ: Ավելի շատ տխրությամբ, որովհետև գալիս ես մի տեղ, որտեղ քո աշխարհի կեսը չկա: Քո տատը չկա, քո պապը չկա, քո հերը չկա: Մերդ չկա: Դու կաս, ու վաղը-մյուս օրը կարող է դու էլ չլինես, բայց ամենացավալին այն է, որ քո աշխարհը չլինի: Ով կարող է մտածել, որ ինքն իր ծնող աշխարհից կարող է շատ ապրել: Ով կարող է մտածել, որ ժողովրդին հարստացնելու միտումով ստեղ հանքեր կբացեն, ու էդ աշխարհը վաղը, մյուս օրը կավերվի: Ես առաջին մարդն եմ, որ գրել եմ «Շնող» ակնարկը, որտեղ նախատեսել եմ էդ ցավագին գալիքը, որ գալիք է, նկատի ունեմ Թեղուտի հանքերը: Դրանք իմ մանկության աշխարհն են: Չկա ինձ համար ավելի մեծ գեղեցկություն, քան Դուքանաձորը: Երբ Դուքանաձորով գնում էի, իմ պապն ասում էր. «Այ, երեխեք, ինչ Մայիսի 1, էնա մայիսի 1 է, էլի»: Էդ կամարը կապած կանաչի մեջով գնում ես անտառով ու դա մի հատ տոն էր: Դա մի տոն էր, որ այլևս մեզ հետ չի ու չի էլ լինելու: Եվ ամենացավագին բանը, որ իմ կյանքում կատարվում է, այն է, որ ես ավելի եմ ապրելու, քան իմ աշխարհն է ապրելու:
-Ի նկատի ունեք Դուքանաձո՞րը:
— Ի նկատի ունեմ մեր երկրի էկոլոգիան և սպասվող էլ ավելի վատթար վիճակը: Ասում են, թե ծառեր են տնկելու, ասում են, թե անտառը վերականգնելու են: էդ ո՞ւմ են խաբում: 90-ական թվականների պատերազմի ժամանակ հեռուստատեսության դիմացի անտառը ժողովուրդը լավ կտրեց` ամբողջ հայ ազգի աչքի առաջ, որ տաքանա, օրերն անցնեն: Ավելի քան 20 տարի է անցել, էդ անտառը դեռ չի վերականգնվել: Էս ո՞նց է վերականգնվելու էս անտառը: Էդ սուտ է: Կոմունիստների ժամանակ գիտեին էդ հանքերի տեղը, բայց թաքցնում էին, չէին բացում, որովհետև գիտեին բնությունն ավիրվելու է: Իսկ ավիրված բնության ցավն ավելի շատ էր լինելու, քան տված օգուտը: Տված օգուտն ինչ, մի քանի մարդու ջեբն ա գնալու, իսկ ընդհանուր առմամբ էդ ավիրվող բնությունը դարերի շնորհիվ է բլլմիշ եղել, դարերի շնորհիվ է գոյացել և էնտեղ միլիարդավոր դոլարների ծախս է արել Աստված, որ էդ աշխարհը սարքել է: Իսկ հիմա մերկանալու է մեր բնաշխարհը:
Շնողի ողջ կոլորիտը նաև Ձեր մեջ կա: Ինչպե՞ս կբնութագրեք էդ կոլորիտը:
Շնողնեցուն կարող ես տեսնել նաև Թումանյանի պատմվածքներում: Ցանկացած իսկական լոռեցու բնութագրի մեջ կտեսնես նաև շնողնեցուն: Շնողը իսկը Լոռին է`իր միամտությամբ, պարզությամբ, աշխարհով հանդերձ: Ես էդքան առանձնահատուկ չեմ առանձնացնի Շնողին, թեև Թումանյանը վախտին ասել է «գեր գերդիզան շնողնեցիք», ի նկատի է ունեցել արտի դեզերը: Այսինքն` հարուստ գյուղ է եղել Շնողը: Ես մի ընկեր ունեմ, ինքը լոռեցի է, հերը գյումրեցի է, մայրը լոռեցի: Նա էլ է գրող, բայց, որ կարդում ես իր գրածները, տեսնում ես կիսատ-պռատ լոռեցի է: Գենը իրենը տալիս է: Մեր Լոռվա աշխարհը կենցաղի առումով աղքատ աշխարհ է, բայց հարուստ է իր խոսքով: Էն խոսքը, որ Աստված լոռեցու բերանին է տվել, էդ խոսքը աստվածատուր խոսք է, և Աստված տվել ու չի խնայել: Պատահական չէ, որ Հովհաննես Թումանյան ու Հրանտ Մաթևոսյան ենք տվել: Էդ ամենամեծ հարստությունն է: Մի անգամ գնացել էի Հրանտ Մաթևոսյանենց տուն`իրար հետ ծանոթացանք, հետո իմացան, որ գրում եմ, Հրաչիկ Մաթևոսյանն ասավ. «Ադա, էդ դու խի ես գրում, երևի մտածում ես`էդ ոնց է` ահնիձորցին կգրի, շնողնեցին չի՞ գրի»: Հա հենց էլ որ շնողնեցին էլ կգրի, բայց շնողնեցին իր ճամփով կգնա:
Դուք պարզ ու անկեղծ եք գրում: Որտեղի՞ց են դրա ակունքները:
Իմ պարզությունն ու անկեղծությունը իմ հորից է գալիս, իմ մորից է գալիս, իմ գեղից է գալիս, իմ բնաշխարհից է գալիս, Թումանյանից է գալիս, որ ասում էր` «աչքի պես պարզ, աչքի պես բարդ»: Աշխարհի ամենախորը լիճը Բայկալ լիճն ա, բայց նաև աշխարհի ամենապարզ լիճն ա: Ամենամեծ պարզությունների մեջ ամենամեծ խորություններն են: Էդտեղից ա գալիս: Մեկ-մեկ գրողների գործերը կարդում ես, ոնց որ գլուխկոտրուկ լուծես, այսինքն` ընթերցողը ջանքեր պետք է գործադրի, որ տեսնի` ինչ է ասում: Գրողի առավելությունը նաև նրանում է, որ նախ պետք է կարդացվի: Լավից–վատից առաջ նախ պետք է կարդաս, հետո հասկանաս լավն է, թե վատը: Մեր գրողների մեծամասնությունը էդ առաջին պահը չեն կարողանում դրան հասնել: Իսկ իմ դեպքում և պետք է ընթերցվելի լինի և պետք է բանասելի լինի: Մինչև հիմա գրականությունը զարգացել է սյուժեի վրա, սյուժետային է եղել: Իսկ հիմա եկել է ժամանակը, որ բան ասես, խոսք ասես: Էդ բանի շուրջ քո սյուժեն, քո ասելիքը իրագործես: Էդ բանն է, որ պակասում է:
Ովքե՞ր են Ձեր հերոսները:
Իմ հերոսներից մեկն էլ դու կարող ես լինել, որովհետև իմ շրջապատի ամենամոտ ընկերն ու ընկերուհին ես: Ում տեսնում եմ, կոլորիտային է, ում կերպարի մեջ տեսել եմ, խոսք կարող եմ ասել` ասել եմ:
Մեր գյուղերի վիճակի մասին ի՞նչ կասեք:
Մեր ցանկացած գյուղ, էս հանրապետության տեսքն է: Գյուղերին հիմա պետք է առավել ևս ուշադրություն դարձնել, որովհետև մեր հիմնական հայրենիքը գյուղն է, որովհետև հող է, տարածք է, սահման է: Երևանը չէ:
Նյութն ամբողջությամբ` hetq.am-ում