Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Զախարյանը «Ֆեյսբուքի» իր էջում առաջարկել էր տեղադրել Մահաթմա Գանդդի արձանը:
AraratNews.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Զախարյանը նշեց, որ հարցը դեռ պետք է քննարկվի խմբակցությունում: Իրենք Հնդկաստանի դեսպանատան կողմից առաջարկը նոր են ստացել. «Պետք է հարցը խմբակցությունում քննարկենք ու, ըստ դրա, հասկանանք մեր դիրքորոշումը»:
Դավիթ Զախարյանը դրական է վերաբերվում արձանի տեղադրմանը. «Բոլորս էլ գիտենք Գանդիի ունեցած ավանդը համաշխարհային պատմության մեջ: Բավականին իրարամերժ կարծիքներ եղան: Իրականում իմ կարծիքը այս հարցի շուրջ դրական է: Ուղղակի, ըստ էության, հանրային քննարկումը վերաբերում է տեղին` տեղը որոշելուն, Հնդկաստանի դեսպանատունը մեզ առաջարկել է երկու տարբերակ. Օղակաձև այգին և Հանրապետական հիվանդանոցի դիմացի այգին: Բայց, համենայն դեպս, քննարկումներն այնպես ընթացան, որ որևէ կերպ այդ հարցի շուրջ ինչ-որ կարծիք չեղավ, թե որտեղ պետք է տեղադրվի արձանը»:
Միևնույն ժամանակ Դավիթ Զախարյանն ընդգծեց, որ խմբակցության ընդհանուր դիրքորոշումը չի կարող ասել, քանի որ քննարկումները հարցի շուրջ չեն սկսվել. «Նաև ուզում եմ մի կարևոր հանգամանք էլ ասել, որ ամբողջ ծախսերը հոգալու է հնդկական կողմը: Հայկական կողմը որևէ տեսակի ծախս չի անելու արձանի տեղադրման հետ կապված»:
«Գանդին ոչ բռնի պայքարի կողմնակից է եղել, և, ըստ իս, արժե ունենալ նման մարդու արձան մեզ մոտ: Գանդին շատ հայտնի համաշխարհային քաղաքական գործիչ է եղել, և կարելի է այդ հանգամանքը հաշվի առնելով՝ նաև Երևան քաղաքում ունենալ նրա արձանը»: