Մենք ներկայացրեցինք 12 կետանոց պահանջները, և հանկարծ հայտարարվեց, որ էներգետիկ համակարգում շատ ծանր է վիճակը ու միակ լուծումը էլեկտրաէներգիայի թանկացումն է: Այս մասին այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Հայաստանում էլելեկտրաէներգիան 15 տարում մի քանի անգամ է թանկացել: 1999-ին է կտրուկ թանկացել, դրանից հետո տասը տարի որեւէ թանկացում չի եղել: Հաջորդ թանկացումները եղել են 2009-ին, 2013-ին և հիմա՝ մի տարի չանցած: Դա նշանակում է, որ մոտենում ենք մի փուլի, երբ կանխատեսելիություն բացառապես չկա: էլեկտրական ցանցերն ունեն շատ մեծ ճեղքվածք և ո՞րն է պատճառը, իրենց ապաշնորհությու՞նը, ոչ ճիշտ ղեկավարությու՞նը»,-ասաց Վարդանյանը:
Անդրադառնալով նաև մի քանի օր առաջ Ազգային Ժողովում տեղի ունեցած ռուս հաղորդավար Դմիտրի Կիսելյովի աղմկահարույց հանդիպմանը լրատվամիջոցների և իշխող կուսակցության ներկայացուցիչների հետ, Աղան Վարդանյանն ասաց.
«Լեզվի խնդիրը նոր չէ, եւ իշխանությունները վերջին 15 տարիներին դարձրել են քննարկման առարկա Հայաստանում իրենց լեզվի ազդեցությունը մեծացնելու, բայց այս տոնով, այս ոճով՝ ոչ: Երբեք իրենց թույլ չեն տվել այն, ինչ տեղի ունեցավ մի քանի օր առաջ: Սա ուղղակի շանտաժ է Հայաստանի թե´ բանկչության, թե´ իշխանության, թե´ պետականության հանդեպˋ ասելով, որ եթե դուք սրանք չանեք՝ ձեր անվտանգությունը ապահովել չի լինի: Կարծես թե մենք ռազմավարական դաշնակիցներ չենք Ռուսաստանի հետ և մեր հարաբերություները ոչ թե միջպետական են, այլ տիրոջ եւ ծառայի»,-ասաց Աղվան Վարդանյանը: