Փետրվարի 26-ին եւ 27-ին Արինա Արարատյան պարի թատրոնը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատվերով եւ աջակցությամբ Մայր թատրոնում ներկայացրեց «Աղջիկը լուսնի վրա ներկայացումը»։
Այն պատմում էր հաշմանդամություն ունեցող աղջկա երազանքների մասին։
Ներկայացման բեմադրիչը եւ ռեժիսորն էր տաղանդաշատ պարուհի Արինա Արարատյանը։ Համոզված եմ, որ հանդիսատեսներից շատ-շատերը չեն էլ նկատել հաստատ, որ 11 պարող դերասաններից 6-ը հաշմանդամություն ունեցող երիտասարդներ էին։ Եվ այդ ամենը ստեղծագործական խմբի համառ ջանքերի եւ քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Շատ կուզեի, որ այդ երիտասարդները ներկայացումից հետո էլ զբաղվածություն ունենան, քանի որ համոզված եմ, որ հատկապես կյանքի հենց այս շրջանում նրանք իրենց զգացին այս երկրի լիիրավ, գնահատված, մյուսների հետ հավասար քաղաքացի։ Ոգեւորված էի։ Հուզված։ Ոգեւորությունից այնպես էի ծափահարում, որ անգամ ափերիս մեջ ցավ էի զգում, բայց ինձ թվում էր, թե որքան ուժեղ ծափահարեմ, այնքան դրանք ավելի լսելի կլինեն մեր պարող-պարուհիներին։ Ակամա այդ պահին սկսեցի փնտրել մեր բարձրաստիճան ղեկավարներին, արդյոք այս այսքան կարեւոր, համենայնդեպս հաշմանդամություն ունեցող արտիստների համար, օրը գոնե որևէ մեկը ներկա՞ է թատրոնում։ Բայց ապարդյուն էին իմ փնտրտուքները. չկային ոչ մշակույթի եւ ոչ էլ առողջապահության նախարարները, թեպետ համոզված եմ, որ հաստատ նրանց էլ ուղարկված կլինեին հրավիրատոմսեր։ Ի դեպ ասեմ, որ մուտքն անվճար էր, եւ տոմսեր կարելի էր անվճար ձեռք բերել հենց թատրոնի տոմսարկղներից։
Կասկած չունեմ, որ ալեքսանդրսերովյան ֆոնոգրամայով ուղեկցվող համերգներին՝ տիկին Ռիտա Սարգսյանի «բարձր հովանու» ներքո, հաստատ կգնային։ Ահա այսպես են կարեւորում մեր հաշմանդամներին երկրիս նախարարները։ Քաղքենիությունն ու անտարբերությունը դարձել են պորտֆել ստանալու եւ Աթոռը պնդացնելու անհրաժեշտ եւ բավարար պայմանը։ Ուշքի եկեք, չէ որ հասարակությունն արժևորված է այնքանով, որքան գնահատում է իր հաշմանդամ քաղաքացիներին։
Կարինե Ավետիսյան