Կառավարության այսօրվա նիստում քննարկվում էր երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզի 227 ընտանիքի բնակարանների ապահովման հարցը։
«Մենք ունենք ռեալ շանս մյուս տարվա հատկացվող բյուջեից այդ լուծել, ավարտել»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ իրենք այս պահին պարտավորված են այդ 227 ընտանիքին բնակարանով ապահովելու հարցում, բայց ընդգծեց՝ նրանց տնակների ապամոնտաժման հարցն է կարևոր, ինչպե՞ս են լուծելու դա։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը նշեց․ «Գումարը տրվելու է միայն ժամանակավոր կացարանը տրվելու և տնակը քանդելու դեպքում»։
«Դա շատ կարևոր է,- ընդգծեց վարչապետը,- Գյումրիում ունենք դեպքեր, երբ մարդիկ բնակարան են ստացել, տեղափոխվել են և տնակը վարձով են տալիս։ Մենք, իհարկե, դեմ չենք, որ քաղաքացիները հավելյալ եկամուտներ ունենան, բայց այդ երևույթը Գյումրիի զարգացմանը խոչընդոտող կոնկրետ գործոն է»։
Ղուլարյանը նշեց, որ բնակարանները ձեռք բերելու սահմանված նորմեր կան․ 1 սենյականոցը՝ 45քմ է լինելու, 2 սենյակը՝ 55քմ, 3-ը՝ 65քմ և այլն։
Ծրագրով նախատեսվում է գումար տրամադրել 21 ընտանիքի Լոռիում, 90 ընտանիքի Շիրակում և 16 ընտանիքի Արագածոտնում։
Նա նաև մանրամասնեց, որ բնակարանի կարիք ունեցող ընտանիքների թիվը 453 է, և իրենց հարցումների ժամանակ նրանց կեսը՝ 227 ընտանիք, որոշել է, որ իրենց ձեռնտու է ունենալ վկայագրեր և դրանց միջոցով գնել բնակարաններ։ Մյուսների համար պետք է լինի բնակարանների շինարարություն։
Ղուլարյանը նշեց, որ տրամադրվող գումարով ընտանիքները վստահաբար կարող են բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերել։
Կառավարությունը որոշեց շուրջ 1,3 մլրդ դրամ հատկացնել ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու համար։