Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկարաձգում է կորոնավիրուսի համաճարակի հետ կապված գլոբալ արտակարգ իրավիճակի ռեժիմը:
Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:
«Համաճարակը շարունակում է մնալ արտակարգ իրավիճակ հանրային առողջապահության համար»,- ասել է նա կազմակերպության անցկացրած տեսակոնֆերանսի ավարտից հետո:
Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս»-ը գլխավոր տնօրենը նաև հավելել է, որ կորոնավիրուսի հետ կապված արտակարգ իրավիճակի վերաբերյալ ԱՀԿ-ի հաջորդ նիստը գումարվելու է 90 օրվա ընթացքում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի տարածման պատճառով գլոբալ արտակարգ իրավիճակ է հայտարարել հունվարի 30-ին: