«Ակունք» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ «Ձեռք ձեռքի» վերականգնողական կենտրոնում արդեն գործում է խեցեգործության սենյակ, որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ մարտի 11-ին:
Բացման միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ Նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Խեցեգործությունը համարվում է արտ-թերապիայի ամենաարդյունավետ մեթոդներից մեկը, հատկապես երբ խոսքը հատուկ կարիքներ ունեցող երեխաների մասին է: Այն օգնում է զարգացնել երեխաների ստեղծագործական և սոցիալական հմտությունները, որոնք նրանց շատ անհրաժեշտ են ապագայում՝ ինքնուրույն կյանք վարելու համար: «Ակունք» բարեգործական հիմնադրամն իր «Փրկիչ սենյակ» ծրագրի շրջանակներում 850,000 դրամ հատկացրեց «Ձեռք ձեռքի» վերականգնողական կենտրոնում խեցեգործության սենյակի ստեղծման և կահավորման համար: Այս գումարով ձեռք բերվեցին խեցեգործության անիվ, մուֆելային վառարան, կավ և չորացման պահարան: Դասացուցակում նոր առարկան մեծ ոգևորությամբ ընդունվեց կենտրոնի սաների կողմից, ովքեր արտ-թերապիստի օգնությամբ առաջին քայլերն արեցին կավագործության մեջ: Միջոցառման կազմակերպիչները և հյուրերն ակտիվ շփվում էին երեխաների հետ. անգամ մասնակցեցին խմբակային խաղերին: Իր շնորհավորական խոսքում Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ հատուկ կարիքներ ունեցող երեխաները պետք է մշտապես լինեն թե մեր, թե ամբողջ հասարակության ուշադրության կենտրոնում, քանի որ իրենք յուրահատուկ են, և մեզ շատ բան կարող են սովորեցնել: «Ձեռք ձեռքի» վերականգնողական կենտրոնն իր հոգածության տակ ունի աուտիզմի ախտորոշմամբ 65 սան: «Ակունք» հիմնադրամի տնօրեն Արմինե Արարատյանը նշեց, որ նման կենտրոնների ստեղծման հիմքում սովորաբար ընկած է լինում անձնական պատմություն. «Մենք պետք է ուժեղ լինենք, որ կարողանանք փոխել աշխարհը մեր շուրջ և օգնել միմյանց այս դժվարին գործում»:
«Ակունք» բարեգործական հիմնադրամն իր առջև խնդիր է դրել աջակցել և օգնել հատուկ կարիքներ ունեցող երեխաներին ապրել ավելի լավ կյանքով: «Փրկիչ սենյակ»-ը հիմնադրամի ծրագրերից մեկն է, որի նպատակն է օժանդակել հատուկ կարիքներ ունեցող երեխաների վերականգնողական թերապիա իրականացնելու համար նապատեսված սենյակների ստեղծմանը և բարելավմանը: