Armtimes.com-ը գրում է.
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր սկսվեց ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ»-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի գործով նախնական դատական նիստը, որի ժամանակ քննվեց նրա խափանման միջոցի՝ կալանավորման հիմնավորվածության հարցը:
Պետրոսյանը, սակայն դատարան չէր բերվել՝ առողջական խնդիրների պատճառով:
Նա մեղադրվում է 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ փողերի լվացմանն օժանդակելու համար: Այս քրեական գործով անցնում է նաեւ նրա որդին՝ Մակար Պետրոսյանը, ում մասով դեռ նախաքննության ավարտ չի հայտարարվել: Ըստ մեղադրանքի՝ հայր եւ որդի Պետրոսյաններն օժանդակել են Բնապահպանության նախկին նախարար, հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանին:
Այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը հայտարարեց, որ Ալեքսան Պետրոսյանի կալանավորման հիմքերը չեն վերացել. «Օբյեկտիվ իրականության մեջ որեւէ բան չի փոխվել բացի նրանից, որ քրեական գործն ուղարկվել է դատարան: Կալանավորման հիմքերը, այդ թվում՝ գործի ճշմարտացի բացահայտման եւ օբյեկտիվ քննության վրա ազդեցության հնարավոր ռիսկը պահպանվել են»: Պետրոսյանը հիշեցրեց, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար անհրաժեշտ է երկու նախապայման՝ կալանավորման հիմքեր եւ հիմնավոր կասկած. «Հիմնավոր կասկածի առկայությունը դատարանների կողմից մինչդատական վարույթում արդեն իսկ փաստվել է, եւ հիմնավորվել է Ալեքսան Պետրոսյանի ենթադրյալ առնչությունը փողերի լվացման հանցակազմին: Դրա մասին են վկայում ոչ միայն ցուցմունքները, այլեւ մի շարք օբյեկտիվ ապացույցներ, այդ թվում՝ իրավական օգնության շրջանակում արտերկրից ստացված պատասխանները»:
Մեղադրող դատախազը ընդգծեց, որ երեկ առաջին ատյանի դատարանը, որը քննարկում էր գրավը որպես խափանման միջոց կիրառելու հարցը, մերժեց այն՝ նշելով, որ այս փուլում դեռեւս պահպանվում են մեղադրյալի կողմից ոչ իրավաչափ վարքագծի դրսեւորման ռիսկը. «Միաժամանակ Վերաքննիչ դատարանը երեկ անփոփոխ թողեց կալանավորման որոշումը՝ մերժելով դրա դեմ տարված բողոքը: Դատարանը գտավ, որ այս փուլում մեծ է ռիսկը, որ մեղադրյալը կարող է խոչընդոտել գործի քննությանը»,-շեշտեց դատախազը՝ պնդելով, որ երկու դատական ակտերն էլ իրավաչափ են:
Հայկ Պետրոսյանի խոսքով՝ առկա է նաեւ քննությունից եւ պատասխանատվությունից խուսափելու ռիսկ. «Սույն քրեական գործով բոլոր մեղադրյալները գտնվում են փախուստի մեջ, վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մնացել են միայն այն մեղադրյալները, որոնք ի սկզբանե տվել են խոստովանական ցուցմունք: Այնպես չէ, որ ով խոստովանում է մեղքը, նրա համար ընտրում ենք այլ խափանման միջոց, բայց հենց մեղքը խոստովանելը եւ վարույթն իրականացնող մարմնին աջակցելը գնահատում ենք որպես քննությանը չխոչընդոտելու դրսեւորում, իսկ եթե ոչ միայն չի ընդունում, այլ նաեւ շեղում է քննությունը, գտնում ենք, որ այդ ռիսկը առկա է»:
Հայկ Պետրոսյանը հայտարարեց, որ եթե փոխառության պայմանագիրը ուշադիր նայեն, կտեսնեն, որ այն կնքվել է նույն անձին պատկանող երկու կազմակերպությունների միջեւ: Տվյալ դեպքում խոսքը Ալեքսան Պետրոսյանի մասին է. «Նույն անձը իր մեջ կնքում է փոխառության պայմանագիր, որ ինքն իրենից փող ստանա՞: Դրա՞ մասին է խոսքը: Այս պայմաններում գտնում եմ, որ առկա է եւ վկաների վրա ազդեցության ռիսկը, եւ հիմնավոր կասկած առ այն, որ ազատության մեջ մնալով՝ նա կարող է փաստական տվյալներ վրա ազդեցություն ունենալ: Ասեմ ավելին. դեռեւս նախանցած տարի իրավական օգնություն է ուղարկվել արտասահման՝ Ալեքսան Պետրոսյանին պատկանող կազմակերպոթյան 2 այլ հաշվեհամարներին եղած գումարները եւ դրանց շարժը պարզելու համար, որի պատասխանը դեռեւս չի ստացվել, եւ ազատության մեջ մնալով՝ նա կարող է ոչնչացնել այն փաստաթղթերը, որոնք մենք ակնկալում ենք ստանալ»:
Ալեքսան Պետրոսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը առարկեց դատախազի հայտարարությունների դեմ՝ ասելով, որ տպավորություն էր, թե դատախազը միջնորդություն է ներկայացնում իր պաշտպանյալի կալանավորման ժամկետը երկարաձգելու համար. «Անձը այս հոդվածով մեղադրվելու համար պիտի գիտակցի, որ այդ գույքը ունի հանցավոր ծագում եւ գիտակցաբար օժանդակի դրա օրինականացմանը, իսկ տվյալ դեպքում չի ներկայացվել որեւէ փաստարկ առ այն, որ մեղադրանքի որոշման մեջ առկա ձեւակերպումները օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեն»: Պաշտպանը պնդեց՝ Ալեքսան Պետրոսյանը Արամ Հարությունյանից հարցրել է, թե դրանք ինչ գումարներ են, նա էլ ասել է, որ իր բիզնեսից ստացված գումարներ են, ուստի նրան որեւէ կերպ չէր կարող հայտնի լինել դրանց ծագումը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում