տուն Լուրեր Ալեքսանդր Քանանյանը դադարեցնում է հացադուլը

Ալեքսանդր Քանանյանը դադարեցնում է հացադուլը

243
0

 15 օր առաջ սկսած հացադուլն արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը դադարեցնում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Քանանյանն ու նույնը հորդորել նաեւ իրենց միացած հացադուլավոր Մհեր Պողոսյանին: Քանանյանը մասնավորապես գրել է. 

«Սիրելի հայրենակիցներ։

Ուրախ եմ տեղեկացնելու բոլորիդ, որ Քարվաճառում՝ տարածքի կայուն համապարփակ վերաբնակեցումն ու զարգացումը խաթարող եւ բնապահպանական աղետալի վիճակ ստեղծող փոքր հէկաշինության կասեցման ուղղությամբ պայքարի առաջին փուլն ավարտվել է։ Ստեղծվել է ներկայացուցչական հանձնաժողով, որը պետք է քննի գործող ՀԷԿ-երի նախագծման եւ շահագործման համապատասխանությունն օրենսդրությանը եւ բնապահպանական չափորոշիչներին։ Կիսակառույց ՀԷԿ-երը ենթակա  են ուսումնասիրության՝ դրանց թույլտվության բնապահպանական պահանջներին եւ  օրենսդրությանը համապատասխանության տեսանկյունից։

Վերոնշյալն ինձ թույլ է տալիս կայացնել հացադուլից դուրս գալու որոշումը եւ լինել իր իրավունքների համար քաղաքացիական կամք դրսեւորած հայրենակիցներիս կողքին։ Նորակազմ հանձնաժողովին մաղթում եմ հաջողություն, կամք եւ վճռականություն՝ ազգի եւ սեփական խղճի առջեւ պատշաճ եւ պատասխանատու կերպով աշխատանքները ծավալելու եւ անհարկի միջամտություններից զերծ մնալու համար։ Բոլորս ապավինում ենք ձեր խոհեմությանն ու բարեխղճությանը եւ աչալրջորեն հետեւելու ենք, որ հանձնաժողովը չշեղվի իր մասնագիտական պարտավորությունների շրջանակից։

Միաժամանակ, վերահաստատում եմ, որ Քարվաճառի բնակչության պաշտպանած, իմ ձեւակերպած եւ Հայաստանի ազգային անվտանգության հրամայականից բխող բոլոր պահանջները լիովին ուժի մեջ են եւ չեն փոխվելու։ Քարվաճառում ոչ մի նոր ՀԷԿ չի կառուցվելու, իսկ կառուցման փուլում գտնվողներն ապամոնտաժվելու են։ Այս պահանջից երբեք նահանջ չի լինի։ 2019 թ․ դեկտեմբերի 1-ի դրությամբ գործող ՀԷԿ-երը ենթարկվելու են խստագույն վերահսկողության եւ առկա օրենսդրական պահանջներին։

Իմ հորդորն եմ հղում Քաշաթաղի եւ ողջ Արցախի բնակչությանը՝ քարվաճառցիների պես դրսեւորել քաղաքացիական կամք եւ հասունություն, որպեսզի այլուր եւս  քննվեն հէկաշինության հարուցած ծանր խնդիրները եւ դրանց լուծման արդյունավետ ուղիները։

Այսուհետեւ՝ Հայաստանի Հանրապետության անքակտելի բաղկացուցիչ մաս կազմող Արցախի էներգահամակարգը պետք է զարգանա պատասխանատու եւ համալիր ռազմավարության հիման վրա, որը կբացառի լեռնային գոտիների վերածումը հումքային կցորդի, այլ ներդաշնակաբար կնպաստի այդ տարածքների լիակատար բնակեցմանը եւ կայուն վերընթաց տնտեսական զարգացմանը։

Ամենախորին երախտագիտություն եմ հայտնում պայքարի այս առաջին փուլում քարվաճառցիներիս աջակցած եւ մեզ միացած բոլոր հայրենակիցներիս, հատկապես  ինձ զորավիգ եղած հացադուլավոր Մհեր Պողոսյանին, որին նույնպես հորդորում եմ հացադուլից դուրս գալ եւ նախանձախնդրորեն լծվել այս եւ այլ խնդիրների լուծմանը։ Վերստին՝ խոնարհումս եւ հարգանքս յուրաքանչյուրիդ՝ իմ հարգելի եւ շատ սիրելի հայրենակիցներ»:

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 4-ին, Արցախի կառավարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ բոլոր հէկաշինական աշխատանքները դադարեցված են, և կառավարությունը պատրաստ է սեղմ ժամկետներում ստեղծել մասնագիտական հանձնաժողով, իսկ մինչև հանձնաժողովի եզրակացությունները ստանալը հէկերի շինարարությունը չվերսկսել: