Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում տեղի ունեցավ Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված «Լեռնային Ղարաբաղի անկախության Ճանաչման մասին» օրենքի քննարկումը: Քվեարկությանը մասնակցեցին հանձնաժողովի 10 անդամներից միայն 5-ը: Նախագծին «կողմ» են քվեարկել Ժառանգությունից Թևան Պողոսյանը, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանը, «դեմ»` Ալեքսանդր Արզումանյանը և Համլետ Հարությունյանը: Հանձնաժողովի մյուս 5 անդամները չեն մասնակցել քվեարկությանը` դրանով իսկ, փաստացի, արգելափակելով օրինագծի դրական եզրակացությամբ ԱԺ օրակարգ մտնելը: Ակնհայտ է, որ հանրապետական 4 պատգամավորների և Էդմոն Մարուքյանի չմասնակցելը քվեարկությանը նպատակ ուներ խոչընդոտել օրինագծի դրական եզրակացությամբ ԱԺ օրակարգ մտնելուն, սակայն առնվազն անհասկանալի էր Ալեքսանդր Արզումանյանի «դեմ» քվեարկությունը:
Հատկանշական է, որ Ալեքսանդր Արզումանյանը ԱԺ ընտրությունների ժամանակ խորհրդարան է մտել Ժառանգության ցուցակով: Իսկ Ժառանգության նախընտրական «Նոր Հայաստանի» ծրագրում առանձին կետով նշված է Արցախի անկախության ճանաչումը.«Արցախի ինքնիշխանության եւ ամբողջականության ճանաչում կամ նրա միացում Հայաստանի Հանրապետությանը` եթե այդպես որոշի Արցախի ժողովուրդը»: Ցանկացած թեկնածու, որը մասնակցում է ընտրություններին որևէ դաշինքի կամ կուսակցության ցուցակով, փաստացի իր հավանությունն է տալիս ներկայացված նախընտրական ծրագրին` կիսելով այդ ծրագրում ներառված կետերի իրականացման պատասխանատվությունը:
Ընդդիմությունը, ինչպես նաեւ ցանկացած ընդդիմադիր գործիչ, հատկապես նախընտրական շրջանում խոսում է այն մասին, որ իշխանությունները չեն իրականացրել իրենց նախընտրական խոստումները, սակայն այս դեպքում իրեն ընդդիմադիր համարող Ալեքսանդր Արզումանյանն ինքը չի իրականացնում իր նախընտրական խոստումը: Իսկ նման պայմաններում ինչի մեջ կարող է ընտրություն կատարել հանրությունը, եթե իրենց սկզբունքայնությամբ, արժեհամակարգով ընդդիմադիր գործիչները չեն տարբերվում իշխանություններից:
Իհարկե, Ալեքսանդր Արզումանյանը փորձում է ներկայացնել օրինագծի նպատակահարմար չլինելու փաստարկներ, սակայն դրանք ընդհանուր առմամբ չեն տարբերվում իշխանությունների կողմից ներկայացվող հակափաստարկներից:
Սևակ Մամյան