Հայաստանի Հանրապետությունը, կարելի է ասել, զավթված է եղել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Քաղաքական առումով այդ երկու անձնավորությունը տասնամյակներ շարունակ ստեղծել են այն Հայաստանը, որը պետք է մեկ սպասարկեր Ռոբերտ Քոչարյանին, մեկ Սերժ Սարգսանին: Եվ այդ սպասարկման մի մասն է հանդիսացել դատական համակագը»,- շեշտեց Սիմոնյանը։
Ըստ նրա՝ այսօր դատական համակարգում կա խնդիր, և համակարգն այդ պատճառով ենթակա է վերանայման: «ՀՀ ժողովուրդը փոխեց իշխանությունը, հետո խնդիր առաջացավ օրենսդիր մարմնի հետ: Դուք մեջբերում եք Գևորգ Պետրոսյանին, ես չեմ զլանա հիշեցնել 2018-ի հոկտեմբերի 2-ը, երբ փորձ արվեց կանգնեցնել համաժողովրդական շարժումը, հեղափոխությունը: Ուզում եմ այսօր գաղտնիք բացեմ ձեզ՝ հոկտեմբերի 2-ից մի քանի օր առաջ ԱԺ բակում տեղի էր ունենում տոնակատարություն, ես նույնպես հրավիրված էի: Այնտեղ ՀՀԿ այն ժամանակվա պատգամավորներից երկուսն ինձ ասացին հետևյալը՝ ոչինչ, քիչ մնաց, մենք ձեզ թերագնահատեցինք, իսկ հիմա դուք եք մեզ թերագնահատում: Կտեսնեք, մի քանի օր անց ինչ կլինի: Ես նույնիսկ կարող եմ անուններ տալ: Ես, անկեղծ ասած, չհասկացա՝ ինչի մասի էր խոսքը, և տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ը, որի ժաանակ փորձ կատարվեց կանգնեցնել այն ամենը, ինչ սկսվել էր ՀՀ-ում: Հիմա կա դատական իշխանության խնդիր, և դա փաստում են ոչ միայն իշխանության ներկայացուցիչները»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանի խոսքով՝ երբ փորձ է արվում լուծել դատական համակարգի խնդիրները, չգիտես ինչու, շահարկվում է այն հարցը, որ իշխանությունը փորձում է ձևավորել դատական իշխանություն, որն իրեն հարմար կլինի: «Եթե նման քայլի գնալու լինեինք, այդ համակարգն ի սկզբանե ստեղծվել էր սպասարկելու համար: Եվ այդ համակարգը պատրաստ է եղել սպասարկել օրվա իշխանությանը: Եվ իշխանությունը դրանից հրաժարվել է, ակնհայտ տեսնում եք՝ բռնել-բաց թողնելու մոտեցումը, խափանման միջոցների փոփոխությունը: Մենք ուզում ենք ձևավորել դատական համակարգ, որը կգործի անկախ՝ որպես իշխանության երրորդ ճյուղ: Սա է իրողությունը, այլ բան այստեղ չկա»,- նշեց Ալեն Սիմոնյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ ՍԴ դատավորներին կամավոր թոշակի ուղարկելու օրենքը մեկնված ձեռք է նրանց: «Կա կոնկրետ մեկնված ձեռք է, թե ով կսեղմի այդ ձեռքը, ես չգիտեմ: Որևէ դարակազմիկ բան չի լինում, գնում ենք առաջ, մեկնում ենք մյուս ձեռքը»,- հավելեց նա: