Տրանսպորտի գնի հավանական թանկացման, դրա հետևանքերի և պայքարի հնարավոր միջոցների մասին Araratnews.am-ի թղթակիցը զրուցել է «Արարատ» մեդիա-գրուպի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանի հետ:
— Ինչպես եք գնահատում այն հանգամանքը, որ հանձնաժողովի աշխատանքները դեռ չավարտված՝ Երևանի քաղաքապետն ու փոխքաղաքապետը հայտարարում են, որ տրանսպորտի գնի բարձրացումն անխուսափելի է:
— Ի սկզբանե այդ հանձնաժողովի նկատմամբ վստահություն չկար, կարելի է ենթադրել, որ դրանից առաջ նրանք որևիցե այլ կազմով են որոշում կայացրել, թեպետ մինչև հիմա պարզ չէ, թե ինչ կազմով, մի խոսքով մեծ հաշվով պարզ չէ, թե դա ինչ հանձնաժողով է, ում է դա պետք, ամենայն հավանականությամբ, այդ ամենն արվում է ուղղակի արտաքին տպավորություն ստեղծելու համար, և բնականաբար, իմ մասնակցությունն այդտեղ ես որևէ կերպ չեմ տեսնում, ես ձևական բաների չեմ մասնակցում:
— Փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը Ձեզ, դերասան Հայկ Մարությանին և լրագրող Պետրոս Ղազարյանին հրապարակավ հրավիրել է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: Արդյո՞ք պատրաստվում եք ընդունել հրավերն ու մասնակցել աշխատանքներին:
— Նախ առաջին, ես չգիտեմ ինչ հանձնաժողովի մասին է խոսքը, ինչ կապ ունեմ ես այդ հանձնաժողովի հետ, ինչի համար է հավաքվում այդ հանձնաժողովը, եթե քաղաքապետն ու փոխքաղաքապետը հայտարարում են, որ գինը բարձրանալու է, այսինքն եթե որոշել են, որ բարձրանալու է՝ ես ու՞ր գնամ։ Ես իրենց հետ բանակցելու բան չունեմ, իրենք մեր քաղաքի մենեջերներն են, որոնք պետք է ղեկավարեն մեր քաղաքը, քաղաքային տնտեսությունը, ես գնամ իրենց հետ ի՞նչ քննարկեմ, եթե չեն կարողանում իրենք լուծում գտնել, թող բարի լինեն տեղերը զիջեն այն մարդկանց, ովքեր կգան ու կասենˋգիտեք ինչ, մեր քաղաքը այսինչ խնդիրն ունի, իսկ այդ խնդիրը մենք պատրաստ ենք լուծել:
-Լուրեր են շրջանառվում, որ տրանսպորտի գնի բարձրացման մասին հանրությունը կտեղեկացվի հունվարի սկզբին: Արդյոք մտավախություն չկա, որ ամանորյա թոհուբոհը կխոչընդոտի սպասվող պայքարի ալիքին:
-Ոչ մի ժամկետ, ոչ մի բան չի խոչընդոտելու, այսինքն եթե ինչ-որ բան ստացվելու է կստացվի, եթե չի ստացվելու, ապա չի ստացվի, լինի դա վաղը, թե՝ հուվարի 1-ին: Պարզ է, որ այն հայտարարությունը, որ հունվարի 1-ից է լինելու թանկացումը, ուղղակի շրջանառության մեջ է դրվում, որպեսզի հասարակությանը նախապատրաստեն նման զարգացումների, բայց դա բան չի փոխելու, ես վստահ եմ և իրենց էլ ուզում եմ զգուշացնել, որ սա կարող է շատ ավելի մեծ խնդիրների առաջ կանգնեցնել, քան տրանպորտի գինը 50 դրամով ավելացնելը, սա կարող է քաղաքական ճգնաժամի բերի, որովհետև 150 դրամի և 50 դրամի խնդիրն այն չէ, որ ինչ-որ մարդիկ հաշվել են ու գտել, որ ինչ-որ մեկն ավելի օգուտ է ստանում, խնդիրն աղքատության մեջ է ու հենց այդ աղքատության արտահայտումն է գտել այդ 50 դրամի մեջ, ընդհանուր խնդիրներն այդ ելքը գտել են այդ 50 դրամի մեջ, սա միայն տրանսպորտի հարցը չէ, ես կասեի նույնի՛սկ տրանսպորտի հարցը չէ, սա հետևանք է:
-Նշեմ, որ խոսքը կոնկրետ 150 դրամի մասին չէ, շրջանառվում են լուրեր այն մասին, որ չի բացառվում, որ դրանից էլ ավելի գին սահմանվի:
— Անցած անգամ նոր սերնդի, մեր երիտասարդության կրեատիվը, մտքի աշխատանքը հակադրվեց սովետական, չինովնիկական մտածելակերպին, և դա եղավ հաջողության արդյունքը: Հիմա հայտարարելով, որ կարող է ավելի բարձր գին սահմանվի, դա ասում են, որ հետո արդարանան, թե տեսեք զիջեցինք, 200 պետք է լիներ, բայց իջեցրեցինք՝ հասցնելով 150-իˋի օգուտ ժողովրդի:Ամբողջ աշխարհում քաղաքային տրանսպորտը անեկամտաբեր բիզնես է, որը արվում է քաղաքապետարանի միջոցով, այդ գումարները իրենք կարող են հայթայթել ուղղակի քաղաքապետարանի շենք երբևէ չմտնելով, այդ գումարը կարելի է հայթայթել այն բազմաթիվ անհիմն, բարձր տուգանքներից, որոնք ստանում են քաղաքում տեղադրված տեսախցիկներից, այդ գումարը կարելի է հայթայթել, երբ Երևան քաղաքի փողոցները տալիս են վարձակալության կոնկրետ անհատի, որ ինքը գերշահույթներ ստանա՝ Երևանը փարկինգ սարքելով, մեծ համերգներ անելով, այսինքն եթե դու ծախսում ես 207 միլիոն դրամ, դու ոնց ես ծնունդ անում, եթե կոշիկ չունես հագնելու կամ տանը ուտելու հաց չունես, երբ որ երկիրդ ու քաղաքդ քաղաքացիները լքում են, դու կես միլիոն դրամ տալիս՝ փուչիկ ես փչում ու սալյուտ ես խփում: Անզեն աչքով, առանց թղթեր նայելու, յուրաքանչյուր քաղաքացի դա գիտի և հասկանում է:
-Ինչպիսի պայքար եք կանխատեսում թանկացման պարագայում, կլինի՞ տարբեր նախորդից:
-Նախ կլինի քանակի տարբերություն: Երբ որ մեր ֆուտբոլի հավաքականը չէր հաղթում, ստադիոններում մարդկանց քանակը քիչ էր, բայց յուրաքանչյուր մեր հաղթանակից հետո մյուս հաղթանակին է՛լ ավելի շատ մարդ է գալիս, մենք փոքր հաղթանակ ենք տարել, ու վստահ եմ, որ մյուս հաղթանակը նույնպես լինելու է, չփորձեն, չմտածեն, որ իրենք կանխագուշակելու են մեր քայլերը, մենք ինքներս չգիտենք, թե որոնք են լինելու դրանք:
Զրուցեց Էմմա Պալյանը