Արդեն տեղեկացրել ենք, որ խորհրդարանն այսօր`հունվարի 22-ին, քննարկում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Այն հեղինակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
Օրենքի նախագիծը ներկայացնելիս, հիշյալ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը խնդրահարույց է համարել իրողությունը, երբ կենսաթոշակառուները ֆիզիկապես հնարավորություն չեն ունենում բանկ ներկայանալ, ինչի պատճառով զրկվում են կենսաթոշակից:
Հետևաբար, ըստ պատգամավորի, օրինագծով առաջարկվում է օրենքում կատարել լրացում, ըստ որի, եթե հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուն ունի տեղաշարժման խնդիր, Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը կենսաթոշակառուի ցանկությամբ կարող է հաստատվել բանկի կողմից հեռահար եղանակով՝ առանց բանկ ներկայանալու՝ կառավարության սահմանած կարգի համաձայն: