տուն Հասարակություն Առողջապահություն ԱԺ–ում խստացրել են անվտանգության միջոցառումները. պատգամավորներից մեկի մոտ վարակի կասկած կա

ԱԺ–ում խստացրել են անվտանգության միջոցառումները. պատգամավորներից մեկի մոտ վարակի կասկած կա

372
0

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ հիմնավոր կասկած կա, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կարող է վարակված լինել կորոնավիրուսով: ԶԼՄ–ներում շրջանառվում է իշխանական պատգամավորներից մեկի անունը։

ՀՀ ԱԺ դահլիճ մտնող պատգամավորներին ու կառավարության անդամներին այսօր առավոտյան նիստերի դահլիճ մուտք գործելիս ԱԺ աշխատակազմը ռետինե ձեռնոցներ ու դիմակներ է բաժանել:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նիստի ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետոքրքրվեց, թե ինչով են պայմանավորված այդ խստացումները:

«Աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, կա այդպիսի նոր տիպի համաճարակ՝  կորրոնավիրուսով պայմանավորված, և այնպես է ստացվել, որ, ասում են, ձեռնոցներն ու դիմակները որոշակի տոկոսով կարող են կանխել այդ վարակի տարածումը»,- ի պատասխան Մարուքյանի հարցին` ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ առաջացնելով նիստին ներկա պատգամավորների ծիծաղը:

Ապա ավելի լուրջ հայտնեց, որ կա հիմնավոր կասկած, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կարող է վարակված լինել:

«Եվ քանի դեռ այդ հանգամանքները լիովին չեն պարզվել, ստիպված ձեռնարկում ենք անվտանգության կամ կանխարգելիչ միջոցառումներ»,- ասաց Միրզոյանը:

ԱԺ նախագահը հայտարարեց նաև, որ բոլոր այն պատգամավորների համար, որոնք կորոշեն իրենց ու իրենց հարազատների ընտանիքների անվտանգության համար նիստերին չմասնակցել, բացակայությունները կհամարվեն հարգելի:

Հավելենք, որ ArmDaily.am-ի տեղեկություններով՝ կոնտակտավոր անձը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն է: Պատգամավորն այսօր ներկա չէր քառօրյայի նիստին: Նա ԶԼՄ–ի հետ զրույցում չի հերքել տեղեկությունը և նշել է, որ այժմ ինքնամեկուսացված է: