ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) վավերացնելու մասին հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում այս մասին հարցը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
«Փաստաթուղթը ստորագրվել է 1988 թվականի հունվարի 25-ին՝ Ստրասբուրգում: Կոնվենցիան մշակել են Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպությունն ու Եվրոպայի Խորհուրդը: 2010 թվականին այն լրամշակվել է համապատասխան Արձանագրությամբ: Կոնվենցիան ստորագրել է ավելի քան 100 երկիր»,- ասաց նախարարի տեղակալը:
Արման Պողոսյանի խոսքով` կոնվենցիայի հիմնական նպատակը միջազգային համագործակցության համար բարենպաստ պայմանների ստեղծումն է: Կողմերը միմյանց տրամադրում են հարկային հարցերով վարչական աջակցություն, որն ընդգրկում է տեղեկությունների փոխանակում, աջակցությունը բռնագանձման, այդ թվում՝ ապահովման միջոցների կիրառման հարցում և փաստաթղթերի հանձնում: Վարչական աջակցություն է տրամադրվում անկախ տվյալ անձի՝ այդ կողմի կամ որևէ այլ պետության ռեզիդենտ կամ քաղաքացի լինելու հանգամանքից:
Կոնվենցիան ներառում է հարկային համագործակցության գրեթե բոլոր ձևերը՝ հարկային պարտավորությունների գնահատում, հավաքագրում, հարկերից խուսափելու և հարկեր չվճարելու դեմ պայքարի մեխանիզմների մշակում, տեղեկությունների փոխանակում և այլն:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 11-ին հրավիրված արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: