Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը: Օրակարգում ընդգրկված է 27 հարց:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է կառավարության կողմից ներկայացված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը։
Նախագծի հիմնական զեկուցողը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն է։
Առողջապահության նախարարի տեղակալն իր ելույթում մասնավորապես նշեց.
«Հարգելի գործընկերներ, կարելի է ասել, որ ձեզ եմ ներկայցնում մեր մայր օրինագիծը՝ բավական լայնածավալ փոփոխություններով, այդ պատճառով էլ այն նոր խմբագրությամբ է շարադրվել: Այսպիսով, նախագծով նախատեսվում է սահմանել անձնական տվյալների, մասնավորապես՝ բժշկական գաղտնիքի մշակման, փոխանցման համար իրավական կարգավորումներ։ Ներառյալ պատասխանատվություն նախատեսող դրույթներ, ապահովելով քաղաքացիների անձնական կյանքը, մասնավոր կյանքի անձեռնամխելիության և անձնական տվյալների պահպանման սահմանադրական իրավունքները: Ամրագրել պացիենտների իրավունքների և պարտականությունների ավելի հստակ շրջանակ՝ ապահովելով նաև նրանց իրավունքների իրացումը։ Սահմանել իրավական հիմքեր և կարգավորումներ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման և կիրառման համար։ Օենսդրորեն կարգավորել արտակարգ իրավիճակների, ռազմական կամ ահաբեկչական գործողությունների դեպքում տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման առանձնահատկությունները։ Ճշգրտել բժշկական օգնությունների ցանկը, լրացնել օրենսդրական բացերը, սահմանել պարտադիր դատաբժշկական փորձաքննությունների դեպքերը և ձևերը։ Օրենսդրորեն կարգավորել բժշկական արտադրատեսակների շրջանառության հետ կապված հարաբերությունները, ստեղծել բժշկական սարքավորումների, արտադրատեսակների ստեղծման, ներմուծման և շրջանառության լիարժեք օրենսդրական հիմքեր։ Բավարարել բուժաշխատող-պացիենտ, բուժաշխատող-բուժաշխատող հարաբերությունները՝ ապահովելով էթիկայի հանձնաժողովի ստեղծումը և սահմանելով այդ հանձնաժողովի գործառույթները։ Սահմանել բժշկական օգնության տեսակները, լիազորող նորմեր տալ դրանց իրականացման համար։ Սահմանել լաբորատոր գործունեության վերաբերյալ դրույթ… Բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների համար սահմանել լիցենզիայում նշված վայրից դուրս վերջիններիս իրացման հնարավորությունները»: