տուն Տնտեսական ԱԺ-ն մերժեց երկրորդային շուկայում եկամտային հարկով հիփոթեքային ծրագրից օգտվելու նախագիծը

ԱԺ-ն մերժեց երկրորդային շուկայում եկամտային հարկով հիփոթեքային ծրագրից օգտվելու նախագիծը

158
0

ՀՀ Ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված, հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած օրենքի նախագիծը:

«Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում էր մարզերում երկրորդային շուկայում եկամտային հարկի հաշվին հիփոթեքային վարկի տոկոսների փոխհատուցման ծրագրից օգտվելու հնարավորություն տալ:

«Այս օրենքն ընդունվել է, որ Հայաստանում բնակարանաշինությունը սկսի զարգանալ, բայց փորձը ցույց է տվել, որ մենք բնակարանաշինություն ունենք միայն Երևանում, և այս մեխանիզմից օգտվում են միայն մայրաքաղաքում»,- նշեց Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ նախագիծը ներկայացրել է նաև այն հիմնավորմամբ, որ այն վերացնում է խտրականությունը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել էր բացասական եզրակացություն:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ առաջին հայացքից շատ լավ նախագիծ է․«Բայց իրականում նախագծի տակ թաքնված են բազմաթիվ ռիսկեր: Նախագծի հիմնական նպատակն ի սկզբանե եղել է կառուցապատումը խթանելը, ոչ թե սոցիալական խնդիրը լուծելը»,- ասաց Թունյանը:

Թունյանի խոսքով՝ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է բազում ռիսկեր, թե նախագիծն ընդունելու դեպքում ինչ կեղծ գործարքներ կարող են լինել, որոնց հետևանքով բյուջեն կարող է կորուստներ կրել:

Քվեարկությամբ նախագիծը ստացավ 36 կողմ, 74 դեմ, 1 ձեռնպահ ձայներ՝ չընդգրկվելով 7-րդ գումարման ԱԺ-ի երրորդ նստաշրջանի նիստերի օրակարգ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here