տուն Քաղաքական ԱԺ-ն ընդունեց մի շարք կարևոր օրինագծեր

ԱԺ-ն ընդունեց մի շարք կարևոր օրինագծեր

280
0

Խորհրդարանն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ընթացող նիստում ընդունեց մի շարք օրինագծեր: Մասնավորապես, առաջին ընթերցմամբ ընդունվեց «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հնարավորություն է տալիս համայնքների միավորման կամ բաժանման հարցով անցկացնել տեղական հանրաքվե:

Համայնքի միավորման կամ բաժանման հարցով անցկացված տեղական հանրաքվեի արդյունքները կրում են խորհրդատվական բնույթ: Տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունեն տվյալ համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող մինչև նախաձեռնության գրանցման օրը տասնութ տարին լրացած անձինք:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ էլ խորհրդարանն ընդունեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկում է Սեւանա լճից տարեկան սահմանված 170 մլն խմ ջրառից ավելի ջրառի հնարավորությունը բացառել:

Բացի այդ, ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: Այս փոփոխություններով 12 ծառայություններում ներդրվում են համակարգեր, որոնք ներդաշնակում են մի շարք կանոններ: