Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել նախագիծ, ըստ որի հնարավոր կլիներ բացահայտել հանքերի իրական սեփականատերերին՝ անկախ նրանց սեփականության բաժնից։ Ներկայումս ՀՀ օրենսդրությամբ բացահայտման են ենթակա 10 տոկոս և ավելի մասնաբաժին ունեցողները։
Նախագիծն արդեն բացասական եզրակացության էր արժանացել ԱԺ տնտեսական հանձնաժողովում, որին մասնավորապես դեմ է եղել «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գևորգյանը, ով ԱԺ-ում հայտարարեց, որ նախագծին պետք է դեմ քվեարկել, քանի որ այն ժամանակավրեպ է։
Պատգամավորի խոսքով՝ ներկայումս պատրաստվում է հանքերի 10 տոկոս և ավելի մասնաբաժին ունեցողների ցուցակը․ եթե դա բավարար չլինի, իրենք պատրաստ են հետագայում նորից անդրադառնալու այս հարցին։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հարցրեց՝ այսինքն՝ ուզում եք սա «մարսվի՞», և միայն դրանից հետո՞ ճշտվեն հետագա քայլերը։
Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ ավելացրեց, որ այդ ամբողջ տեղեկատվությունը մշակելը լուրջ վարչական ծախսեր կավելացնի։
«Իմ քայլը» խմբակցությունը դեմ քվեարկեց նախագծին՝ այն դուրս մղելով օրակարգից։