տուն Լուրեր ԱԺ-ն անհատ խաղացողների գործունեության վայր

ԱԺ-ն անհատ խաղացողների գործունեության վայր

329
0

AJ-nist-25.02.13-2

ԵԽԽՎ պատվիրակության կազմից «Ժառանգություն» խմբակցության հեռացումով Հովիկ Աբրահամյանը կատարեց իր «խոստումը»: Սակայն համարել, որ խմբակցությունը հեռացվեց պատվիրակության կազմից զուտ ԱԺ նախագահի ամբիցիաների պատճառով՝ կարծում ենք այնքան էլ նպատակահարմար չէ: «Ժառանգություն» խմբակցությունը , ինչպես նաև կուսակցությունը, անկախ համերաշխության պնդումներից, գտնվում է խորը ճգնաժամի մեջ: Խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հրաժարականը դարձավ խմբակցության ճգնաժամի գագաթնակետը: Ներկայումս, փաստացի «Ժառանգության» միակ ներկայացուցիչը խմբակցության ղեկավար ընտրված Զարուհի Փոստանջյանն է: Ալիկ Արզումանյանը բնականաբար միայն ֆորմալ առումով է խմբակցության անդամ, Թևան Պողոսյանն ընդհանրապես կուսակցության անդամ չէ, Քոքոբելյանը ավելի վաղ էր դուրս եկել խմբակցությունից, իսկ վերջին իրադարձությունից հետո Ռուբեն Հակոբյանը ևս, ամենայն հավանականությամբ, կդառնա խմբակցության ձևական անդամ: Ստեղծված իրավիճակում «Ժառանգության» հեռացումը ԵԽԽՎ պատվիրակության կազմից ինչ-որ տեղ անգամ բնական է, քանի որ դե ֆակտո խմբակցությունը, խմբակցության ղեկավարն ու խմբակցությունից պատվիրակության անդամը նույն մարդն է:

Մյուս կողմից, իհարկե, Հանրապետական կուսակցության համար առավել հաճելի է գործ ունենալ ՕԵԿ-ի նման անդեմ քաղաքական ուժի հետ, սրան գումարվում է նաև ստրասբուրգյան միջադեպը Փոստանջյանի մասնակցությամբ, և արդյունքը՝ ԵԽԽՎ պատվիրակության կազմի փոփոխությունն է Հովիկ Աբրահամյանի ցանկությամբ: Միևնույն ժամանակ, այս իրադարձությունները մատնանշում են նաև արդեն գծագրվող նոր խաղի կանոնները: ԱԺ նախագահը միանձնյա որոշում է, թե պատգամավորներից ով որտեղ կարող է գնալ, սրան զուգահեռ Զարուհի Փոստանջյանը ևս առավելապես սկսել է իրականացնել միանձնյա և հաճախ անկանխատեսելի գործողություններ և առանձնացել է թիմից: Թիմից առանձնացած մյուս գործիչը Նիկոլ Փաշինյանն է` ակտիվ գործունեությամբ, փաստորեն ստացվում է այնպես, որ խորհրդարանում արդեն եղանակ են ստեղծում մի քանի անհատ պատգամավորներ, որոնք դուրս են եկել կուսակցական կամ խմբակցական «վերահսկողությունից», ընդ որում սա վերաբերում է նաև մեծամասնությանը, քանի որ միամտություն կլինի կարծել, որ Հովիկ Աբրահամյանը մարմնավորում է բոլոր հանրապետականների իղձերն ու ցանկությունները, իսկ Հովիկ Աբրահամյանի քայլերը միանշանակ են են ընկալվում հանրապետական կուսակցության ներսում:

Եթե վերոհիշյալին հավելենք, որ խորհրդարանական մեծամասնությունը ԱԺ-ում աշխատանքը պատկերացնում է կոճակ սեղմելով, մոտավորապես նման գործառույթ է որդեգրել նաև այլընտրանք ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը միայն թղթի վրա գոյություն ունեցող կուսակցություն է, Դաշնակցությունը հավերժական՝ «դեմ ըլլալով կողմ ենք»  տրամաբանության մեջ է, ՀԱԿ խմբակցության հիմնական գործառույթները չափազանց խիստ հայտարարություններն ու կոչերն են` առանց գործնական քայլերի, ապա ընդամենը կարող ենք փաստել, որ Հայաստանի խորհրդարանը, որն ի սկզբանե աչքի չէր ընկնում քաղաքական լուրջ ներուժով և կշռով, վերջնականապես սպառել է իրեն և վերածվել անհատների գործունեության վայրի:
Աղասի Մարգարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here