ԱՎԾ-ն երեկ հրապարակել է 2011թ. անցկացված մարդահամարի վերջնական տվյալները։ Ըստ այդմ՝ 2011թ. ՀՀ-ում առկա բնակչության թիվը կազմել է 2 871 771 մարդ: Այժմ, երբ արդեն կան մարդահամարի վերջնական տվյալները, հետաքրքիր կլինի այն համեմատել 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրացուցակներում ներառված քաղաքացիների ցուցակի հետ:
2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակներում, ըստ պաշտոնական տվյալների, առկա էր 2 485 844 քաղաքացի: Ընտրություններին մասնակցել թույլատրվում է 18 տարին լրացած քաղաքացիներին և սա նշանակում է, որ ըստ կազմված ընտրացուցակների և 2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալների, Հայաստանում 1-17 տարեկան քաղաքացիների թիվը պետք է կազմի 385 927 մարդ։ Սակայն, երբ 2012 թվականի ընտրացուցակները համեմատում ենք ԱՎԾ հրապարակած վերջնական տվյալների հետ, ապա առաջանում է անհամապատասխանություն:
ԱՎԾ հրապարակած տվյալների համաձայն, 1-17 տարեկան ՀՀ քաղաքացիների թիվը կազմում է 681 085 մարդ, և եթե այս թիվը գումարենք 2012 թվականի ընտրացուցակներում ներառված 18 և բարձր տարիք ունեցող քաղաքացիների թվին, ապա կստացվի, որ ՀՀ առկա բնակչության թիվը կկազմի 3 166 929 մարդ: Բնակչության թվաքանակի նման անհամապատասխանությունը նշանակում է, որ կամ ԱՎԾ-ն է կրճատում բնակչության իրական թիվը, կամ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել են 295 158 անչափահասներ:
Հ.Գ. ԱՎԾ տվյալները հավատ չեն ներշնչում, և հասարակությունը ավելի հակված է կարծել, որ ԱՎԾ-ն բնակչության թիվը ուռճացնում է. ՀՀ բնակչության իրական թիվը 2մլն է կազմում: Այստեղից պարզ է դառնում, թե ինչ մասշտաբների կեղծումներ են իրականացվել 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում: