տուն Հասարակություն Աթոռակռի՞վ, թե՞ ահուսարսափ Դիլիջանի քոլեջում. նախարարության արձագանքը

Աթոռակռի՞վ, թե՞ ահուսարսափ Դիլիջանի քոլեջում. նախարարության արձագանքը

935
0

Araratnews.am-ին հայտնի է դարձել, որ Դիլիջանի պետական քոլեջի մի քանի դասախոս անվանական եւ անանուն  բողոքել են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարություն եւ դժգոհել քոլեջի դաշնակցական  տնօրեն Գոհար Անտոնյանից:

Բողոքող դասախոսները դժգոհել են Անտոնյանի՝ քոլեջում ստեղծած ահ ու սարսափի մթնոլորտից, տնօրենից ստացած՝ 2020 թ. հունվարից աշխատանքից ազատվելու ծանուցագրերից, վատ կառավարումից:

Խնդրին տեղյակ է նաև քոլեջի տնօրենի նախկին պաշտոնակատար Վահագն Հովհաննիսյանը, որը մեզ հետ զրույցում ասաց՝ որեւէ անձնական խնդիր չունի տնօրենի հետ, պարզապես սատարում է բողոքող դասախոսներին: «Խնդիրներ են առաջացել Գոհար Անտոնյանի պաշտոնավարման տարիներին: Տնօրենն ազատվել է աշխատանքից 2 նկատողության հիմքով աուդիտորական եւ տեսչական ստուգումներից հետո` 2018 թ. մայիսի 10-ին: Քոլեջին Գոհար Անտոնյանը կրեդիտորական 6 մլն դրամ պարտք էր թողել, անհիմն աշխատանքից ազատել աշխատակիցների, որոնք երկար տարիներ աշխատել են քոլեջում, վաստակ ունեցել, խաթարվել է կոլեկտիվի բարոյահոգեբանական մթնոլորտը»,- մանրամասնեց տնօրենի նախկին պաշտոնակատարը:

Վահագն Հովհաննիսյանից տեղեկացանք՝ տնօրենն ազատման հրամանի օրը ներկայացրել է թերթիկ, որ 2018 թ. մայիսի 9-ին անաշխատունակ է եղել, բայց ըստ Հովհաննիսյանի՝  մայիսի 10-11-ին նա արձակել է հրամաններ, բանկային գործարքներ կատարել:

Հետաքրքիր է նաև այն, որ Գոհար Անտոնյանի ամուսինը՝ Լյովա Վանցյանը, շտապօգնության բժիշկ է, այսինքն՝ ենթադրում եւ կասկածում են, որ հենց նրա միջոցով է կարողացել այդ թերթիկը ներկայացնել նախարարություն: Դրանից հետո Գոհար Անտոնյանը անաշխատունակության հիման վրա դիմել է դատարան, վիճարկել իր աշխատանքից ազատվելը դատական երեք ատյաններում եւ վերանշանակվել քոլեջի տնօրեն:

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը մեզ հետ զրույցում ասաց՝ դասախոսների բողոքն ուղարկվել է նախարարության կրթության տեսչական մարմին՝ ուսումնասիրության:

Ինչ վերաբերում է աշխատանքից ազատվելու բողոքներին, պաշտոնյան ասաց. «Մենք մշակում ենք օրինակելի հաստիքացուցակ, ըստ որի՝ հնարավոր է 2020 թվին կրճատումներ լինեն կրթօջախների վարչական ուռճացված բաժիններում: Բայց դա դասախոսներին չի վերաբերում»:

Քանի դեռ նախարարության տեսչական մարմնի ստուգումները չեն ավարտվել, նախարարությունը չի կարող, ըստ Արտակ Աղբալյանի, տնօրենին ազատել աշխատանքից:

Արդյոք նախարարությունը դատական երեք ատյանում վիճարկել է Գոհար Անտոնյանի անաշխատունակության թերթիկը՝ հիմք ընդունելով ենթադրությունը, որ այն հնարավոր է «սարքված» լինի տնօրենի բժիշկ ամուսնու շնորհիվ: Արտակ Աղբալյանը հորդորեց հարցն ուղղել նախարարության իրավաբանական վարչություն, որը դատական պրոցեսում եղել է պատասխանող: Վարչության պետ Էմիլ Մարգարյանը Araratnews.am-ին ասաց, որ այդ հարցը եւս նախարարությունը բարձրացրել է, ինչից հետո, դատարանի որոշմամբ, առողջապահական տեսչական մարմինն ուսումնասիրել է այն եւ հաստատել հայցվորի անաշխատունակությունն ու առողջական վատ վիճակը, որի հիման վրա էլ Գոհար Անտոնյանին հաջողվել է վերանշանակվել:

Արտակ Աղբալյանից նաև տեղեկացանք, որ տնօրենից ստացել են պարզաբանում աշխատողներին աշխատանքից ազատելու ծանուցման մասին: Նրա խոսքով՝  նախարարության գրությունը՝ շրջաբերականը, վերաբերում է միայն կրթօջախների վարչական մասին, իսկ տնօրենն ուղարկել է այն քոլեջի բոլոր աշխատակիցներին, հետևաբար՝ տնօրենն այս դեպքում սխալ է:

Զանգահարեցինք նաև քոլեջի տնօրեն Գոհար Անտոնյանին` նրա պարզաբանումը լսելու: Ի պատասխան նա ասաց՝ որեւէ մեկը չի ազատվել աշխատանքից, անգամ ազատվելու ծանուցում չի ստացել: Պարզապես նախարարությունից գրություն են ստացել, որ հաջորդ տարվանից կհաստատվի օրինակելի հաստիքացուցակ, որից հետո տնօրենը բոլորին տեղեկացրել է նախարարության գրությունը:

Գոհար Անտոնյանը համաձայն չէ, որ իր ծանուցման եւ նախարարության շրջաբերականի անհամապատասխանություն կա:

Ինչ վերաբերում է կրեդիտորական պարտքին, տնօրենի խոսքով՝ այդ պարտքը վերաբերում է 2017 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ուշ վճարված աշխատավարձին: Տնօրենի պարզաբանմամբ՝ գումարը նախարարությունը փոխանցել է 2017-ի նոյեմբերին, այդ պատճառով էլ եղել է աշխատավարձի ուշացում:

Դիլիջանի պետական քոլեջի տնօրենին հարցրինք նաև անաշխատունակության թերթիկի եւ նրա ամուսնու կապի մասին: Նա հերքեց իր ամուսնու կապն այդ ամենի հետ. «Ես ամսաթվերով ու ժամով չեմ կարող ասել, բայց այդ կրթության, գիտության եւ առողջապահության նախարարությունների կողմից ստուգվել են անաշխատունակության թերթիկը եւ իմ առողջական վիճակը: Եթե մարդուն վիրահատում են, օրգան են հեռացնում, հետո չես կարող այդ օրգանը թաքուն տեղը դնել: Դիլիջանում կա ընդամենը մեկ հիվանդանոց եւ շտապօգնության մեկ կայան: Ես վատացել էի, ինձ որտե՞ղ պետք է տանեին՝ Իջեւա՞ն, այնտեղից էլ Դիլիջա՞ն: Իմ ամուսինը բժիշկ է, բայց դա դեռ չի նշանակում, որ ես իրավունք չունեմ հիվանդանալու կամ անաշխատունակության թերթիկ ձեռք բերելու»:

Ինչո՞ւ է քոլեջի տնօրենը բանկային գործարք արել անաշխատունակության թերթիկ ներկայացնելիս: Տնօրենը պատասխանեց. «Դա ճղճիմության սահմանն անցնում է: 2018 թվի մայիսի 8-ին՝ ուրբաթ օրը, ես նախապատրաստել եմ մայիսի 10-11-ի փոխանցման թերթիկները, որ հաշվապահը այդ օրերին՝ առավոտյան շուտ, տանի բանկ, որպեսզի աշխատողների աշխատավարձն ու ուսանողների կրթաթոշակը չուշանա»:

Մեր զրուցակիցը հերքեց ահուսարսափի մթնոլորտը քոլեջում: «Նորմալ, աշխատանքային հարաբերություններ են: Որեւէ մեկի հետ խնդիր չունեմ: Ես սարսափելի չեմ ո՛չ տեսքով, ո՛չ էլ էությամբ: Եթե մարդն իր մեջ սարսափներ ունի, ինձ բամբասում է, իմ դեմ նոյեմբերի 11-ին գրություն է ուղարկում, որ նոյեմբերի 14-ին ես աշխատանքի չեմ գալու, գրողին հարցրեք»,- հորդորեց կրթօջախի տնօրենը:

Իսկ թե ինչու են բողոքում իրենից, տնօրենը ենթադրեց՝  հավանաբար, մեկը ցանկանում է իր ծանոթին տնօրեն դարձնել: Թե ով է այդ մեկը, Գոհար Անտոնյանը հորդորեց հարցն ուղղել իր դեմ բողոքողներին:

Ինչպիսի հարաբերություն ունի Գոհար Անտոնյանը  քոլեջի նախկին պաշտոնակատար Վահագն Հովհաննիսյանի հետ: «Ոչ մի, նա աշխատել է եւ գնացել: Վահագն Հովհաննիսյանի կինն աշխատում է քոլեջում, կատարում է իր աշխատանքը»,- ավարտեց իր խոսքը Դիլիջանի պետական քոլեջի տնօրեն Գոհար Անտոնյանը: