տուն Հասարակություն Իրավական Ազերի «բլոգերի»՝ հայկական եկեղեցի մտնելու հետքով. ԱԱԾ-ի պարզաբանումը

Ազերի «բլոգերի»՝ հայկական եկեղեցի մտնելու հետքով. ԱԱԾ-ի պարզաբանումը

412
0

Նոյեմբերի 21-ին Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը սկանդալային ընթացք ունեցավ: Եկեղեցի մուտք գործեց ադրբեջանցի վիդեոբլոգեր Ատա Աբդուլաեւը:

Վարչապետ Փաշինյանի թույլտվությամբ նա հնչեցրեց իր հարցը` նախաբանով, թե` ամբողջ աշխարհը «ճանաչել է ադրբեջանցիների ցեղասպանությունը Հայաստանի կողմից», ապա հորդորեց դադարեցնել պատերազմն ու «ազատել իրենց հայրենիքը»:

Վարչապետ Փաշինյանի թույլտվությամբ նա հարց հնչեցրեց Արցախի մասին:

Դեպքից հետո հնչեց մտահոգություն, թե ինչպես է կարողացել ազերի «բլոգերը» մտնել եկեղեցի:

Araratnews.am-ը Ազգային անվտանգության ծառայությանը գրավոր հարցում էր ուղարկել՝ պարզելու՝ արդյոք կարող ենք ենթադրել, որ վարչապետի եւ նրա հետ մեկնած հայկական պատվիրակության անվտանգությունը պատշաճ չի ապահովվել, քանի որ ինչպես հայտարարել էր ԱԽ քարտուղար Արմեն Գեւորգյանը, ազերի բլոգերն անհատական ստուգում չի անցել:

ԱԱԾ-ին նաև հարցրել էինք՝ ինչ ընթացակարգ է գործում նման իրավիճակներում:

Ի պատասխան մեր հարցման՝ ԱԱԾ-ը տեղեկացնում է. «2019 թվականի նոյեմբերից 20-ից 22-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իտալիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում, նախապես կազմված և պլանավորված ծրագրին համապատասխան, այցելության վայրերում Պետական ծառայության պահպանության (ՊՊԾ) համապատասխան ստորաբաժանումները «Հատուկ պաշտպանության ենթակա պետական անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան իրականացրել է ՀՀ վարչապետի անվտանգության համար անհրաժեշտ բոլոր միջոցները: Ս. թ. նոյեմբերի 20-ին ՀՀ վարչապետը Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մակունք եկեղեցում հանդիպում է ունեցել Միլանի և հարակից քաղաքների հայ համայնքի և մամուլի ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ վարչապետին հանդիպել ցանկացող այլ մարդկանց հետ: Տվյալ հանդիպումը եղել է բաց, ինչի մասին Իտալիայում ՀՀ դեսպանությունը և նշված եկեղեցին տարբեր աղբյուրներով, այդ թվում՝ համացանցի միջոցով նախապես տեղեկացրել են տեղի հայ համայնքին: Միջոցառման ընթացքում, եկեղեցու ներսում՝ վերջին շարքից մամուլի աշխատակցի բաճկոնով ոմն քաղաքացի, որն ի սկզբանե հայտնվել է ՊՊԾ աշխատակիցների տեսադաշտում որպես կասկածելի անձնավորություն, և նշվածով պայմանավորված՝ նրան չեն թույլատրել ավելի մոտ գտնվել վարչապետին, բղավելով ընդհատել է վարչապետի խոսքը և փորձել է հարց տալ:

Այդ անձնավորության ոչ կոռեկտ պահվածքի համար ՊՊԾ աշխատակիցները փորձել են դուրս հրավիրել նրան եկեղեցուց, սակայն ՀՀ վարչապետը թույլատրել է, որպեսզի նա հնարավորություն ունենա իր հարցը հնչեցնել: Նշված անձի զննումն արագ իրականացնելուց հետո նրան թույլատրվել է առավել մոտենալ ՀՀ վարչապետին և հնչեցնել հարցը, ինչի մասին վկայում են համացանցում հայտնված տեսանյութերը: Նշված անձը, ներկայանալով որպես Ադրբեջանի քաղաքացի և բլոգեր, տվել է իր հարցը, և ՀՀ վարչապետի պատասխանը լսելուց անմիջապես հետո ՊՊԾ աշխատակիցները նրան ուղեկցել են եկեղեցուց դուրս՝ վարչապետի երաշխավորությամբ ապահովելով նրա անվտանգությունը:

Հարկ է նշել, որ Պետական պահպանության ծառայությունը լիարժեք իրականացրել է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ մասնավորապես ապահովելով ՀՀ վարչապետի, ինչպես նաև օրենքով սահմանված այլ անձանց անվտանգությունը»:

Պատասխանից, փաստորեն, պարզ է դառնում, որ կարծես թե Արմեն Գրիգորյանի հայտարարությունը ճիշտ է՝ ազերի «բլոգերը» անհատական ստուգում չի անցել, ընդամենը եղել է արագ զննություն, որը նախօրոք հայտարարել էր վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: 

Նա, հիշեցնենք, ասել էր՝ ստուգել են, որ զենք, սուր, ծակող, կտրող պարագաներ չլինեն: 

Հետաքրքիր է՝ եթե ի սկզբանե ազերի «բլոգերը», որը եղել է Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակից,  ՊՊԾ աշխատակիցների տեսադաշտում է հայտնվել որպես կասկածելի անձ, ինչու, այնուամենայնիվ, անհատական ստուգում չի անցել Հուսանք՝ կառույցի ժամանակավոր պաշտոնակատարը այս հարցին կանդրադառնա: 

Սոնա Դավթյան