տուն Աշխարհ Ազդեցիկ դեմքերը լքում են իշխող կուսակցությունը. ճգնաժամ՝ Վրաստանում

Ազդեցիկ դեմքերը լքում են իշխող կուսակցությունը. ճգնաժամ՝ Վրաստանում

221
0

Վերջին օրերին Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները ուշագրավ են ոչ միայն հարևան երկրի ներքին զարգացումների, այլև այդ պետությունում ապրող հայերի, և, առհասարակ, հայ-վրացական հարաբերությունների հեռանկարի իմաստով: Հայտնի է, որ նոյեմբերի 13-ից Թբիլիսիում բողոքի ցույցեր են մեկնարկել այն բանից հետո, երբ խորհրդարանը չկարողացավ ընդունել համամասնական ընտրակարգին անցնելու՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ցուցարարներն այս գիշեր լուսացրել են պառլամենտի շենքի մոտ, իսկ այսօր՝ նոյեմբերի 15-ին, վերսկսվել են բողոքի ակցիաները:

Հատկանշական է, որ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունն ամռանը խոստացել է բարեփոխել ընտրական օրենսգիրքը, սակայն հենց այդ կուսակցության մեծամասնական պատգամավորներից մի քանիսը խափանել են օրինագծի ընդունումը, որի օգտին պահանջված 113 քվեների փոխարեն 101 քվե է տրվել:

Սահմանադրական բարեփոխումների օրինագծի տապալումից հետո, իշխող՝ «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից հեռացել են մի շարք ներկայացուցիչներ: Մասնավորապես, Վրաստանի փոխխոսնակ Թամարա Չուգոշվիլին ու ևս մի քանի պատգամավոր հայտարարել են, որ լքում են խորհրդարանական մեծամասնությունն ու հեռանում են իրենց պաշտոններից, քանի որ ընտրակարգի փոփոխության մասին օրինագիծը չի ընդունվել:

Իշխող կուսակցությունից հեռացել են նաև արտաքին կապերի կոմիտեի ղեկավար Սոֆիկո Կացարավան, եվրոպական ինտեգրման կոմիտեի ղեկավար Թամարա Խուլորդավան, եվրոպական ինտեգրման կոմիտեի առաջին տեղակալ Իրինա Պրուձեն, արտաքին կապերի կոմիտեի տեղակալ Դմիտրի Ծկիտիշվիլին և պատգամավոր Գեորգի Մոսիձեն: