«Նախկինները հույսը չեն կորցրել իշխանության գալու: Նրանք զգում են` պատասխան են տալու իրենց արածների համար»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը:
Նրա խոսքով` կորոնավիրուսը դանդաղեցրեց նախկին իշխանավորներին պատասխանատվության ենթարկելը, հնարավորություն տվեց նախկիններին համախմբվելու, բայց այդ միավորումը աշխատեց հենց նախկինների դեմ: «Նախկինները մարդկանց դիակների վրայով են եկել իշխանության` 1999 թ-ի հոկտեմբերի 27, 2008 թ-ի Մարտի մեկ, հիմա էլ ուզում են կորոնավիրուսի մահերի վրայով գան իշխանության: Պատահական չէ, որ ժողովրդի մեջ ալիք են տարածում, որ դիմակ պետք չէ դնել: Ժողովուրդը հասկացավ`այս ամենն անում են, որ մահերը շատ լինեն, նախկին իշխանության ներկայացուցիչներն էլ, այս ամենն օգտագործելով, գան իշխանության»,- կարծում է պարոն Պետրոսյանը:
Ազատամարտիկի խոսքով` Հայաստանի բնակչության մեծ մասը հասկանում է` նախկին իշխանության գալը նշանակում է պետականության կորուստ: «Բայց նախկին իշխանության ներկայացուցիչները հետ չեն գալու: Մեր ժողովուրդը հավ չի, հիշողության կորստով չի տառապում, որ մոռանա` ինչ էր կատարվում: Մեր հաղթանակներն էին արդեն վաճառքի հանել, երկիրն էր կործանման շեմին հասցված, դարձել էր ֆորպոստ: Իշխանության առաջին դեմքը չոքում էր օտար ղեկավարների առաջ»,- հիշեցնում է պարոն Պետրոսյանը:
Այսօր, ըստ Ռազմիկ Պետրոսյանի, ունենք արժանապատիվ կեցվածքով առաջնորդ, որը վայելում է ժողովրդի վստահությունը, ուստի ինքը եւ «Ազատամարտիկների դաշինքը», որի անդամ է նաև ազատամարտիկը, սատարում են այդ ընտրյալին: «Մենք ոչ թե անձին ենք սատարում, այլ ժողովրդին: Մենք կռվել ենք եւ երազել ապրել հենց այն երկրում, որի զարգացման համար ծրագրեր է բերել Նիկոլ Փաշինյանը: Ազգովի պետք է սատարենք ու աջակցենք Փաշինյանին»,- ասաց ազատամարտիկը:
Նախկին իշխանության հայտարարություններն ու պահանջը Ռազմիկ Պետրոսյանը նմանեցնում է պատերազմի: «1990-ականներին զինվորագրվել էինք, քանի որ պատերազմ էր: Ու անգամ այն ժամանակ Հայ հեղափոխական դաշնակցության կուսակցության միջից որոշ խամաճիկներ պահանջում էին նախագահի հրաժարականը: Այն նախագահի, որը գերագույն գլխավոր հրամանատարն էր: Հիմա էլ է նույն վիճակը, պատերազմ` վիրուսի դեմ»,- վստահեցրեց ազատամարտիկը:
Նախկին իշխանությանը, ըստ ազատամարտիկի, ի տարբերություն ներկայի, կապ չուներ ժողովրդի հետ, կտրված էր ժողովրդից: «Կաշառելով, վախեցնելով` նախկին իշխանությունը վերարտադրվում էր: Այս ամենի պատճառով ժողովուրդն ատում էր իշխանությանը, նա էլ` ժողովրդին: Դա արտահայտվեց հեղափոխությամբ, ժողովուրդն ընտրեց իր առաջնորդին»,- հիշեցրեց ազատամարտիկը:
Մեր դիտարկմանը, թե նախկին իշխանության ներկայացուցիչները խոսում են հանրության անունից, Ռազմիկ Պետրոսյանը հակադարձեց` խոսում են պիցցայի, իրենց շուրջ հավաքվածների, հանցագործների անունից:
Ինչ վերաբերում է իշխանության ղեկավարի վարկանիշի անկման խոսակցություններին, մեր զրուցակցի կարծիքով՝ ստամոքսով առաջնորդվողների համար գուցե այդպես է, բայց հասարակության այդ շերտը ընդամենը 5-7 տոկոս է, ոչ ավելին, քանի որ այդքանից ավելին չարիք է ցանկացած երկրի համար:
Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամ Գագիկ Մելքոնյանն էլ ասաց, որ այս իշխանության հրաժարականը միայն ժոովուրդը կարող է պահանջել, քանի որ նա է ընտրել, բայց ժողովուրդը չի պահանջում հրաժարական: «Եթե նախկին իշխանության ներկայացուցիչները ժողովրդի անունից են խոսում, թող հանրահավաք անեն, տեսնեն` քանի մարդ կգա: Ժողովուրդը հազիվ է պրծել նախկիններից, ազատության հոտն է առել, նա երբեք ճորտ չի դառնա: Իսկ նրանք, ովքեր միացել են իշխանության դեմ, ճորտատերեր են, իսկ ժողովուրդը դա չի ընդունում»,- վստահեցրեց մեր զրուցակիցը:
Գագիկ Մելքոնյանը հիշեցնում է` նախկին իշխանության օրոք մարդն ազատ չի եղել, իսկ հիմա կա ազատություն, որից վեր ոչ մի արժեք չկա:
Ազատամարտիկների դաշինքի խորհուրդը, Գագիկ Մելքոնյանի խոսքով, սատարում է պետությանը, հանրությանը, ոչ թե անհատին: «Մեր երկիրը ծանր վիճակում է` արտաքին թշնամին այնտեղ է հաչում, որ կհարձկավեն մեզ վրա, սրանք էլ իշխանափոխություն են ուզում: Բայց նրանք չեն կարող դա անել, պետք է խելացի համագործակցեն միմյանց հետ, հանուն երկրի զարգացման»,- ասաց մեր զրուցակիցը:
Գագիկ Մելքոնյանը հիշեցրեց մեր պատմությունը` հենց մի քիչ առաջխաղացում է եղել, մեր իշխանները սկսել են դավաճանել, թիկունքից խփել մեր թագավորներին, որի պատճառով կորցրել ենք մեր պետականությունը: «Հիմա, փառք Աստծու, ունենք պետականություն, կառավարություն: 2 տարի առաջ պետության ղեկը նախկին իշխանության ձեռքն էր, ինչու լավ չկառավարեցին, որ ժողովուրդը ոտքի չելներ:
Ազատամարտիկը կարծում է` նախկին իշխանությունը չի մտածում, որ ժողովուրդը մի օր ոտքի կելնի, ցախավելով մաքրելով նախկիններին կշպրտի փոսը:
Հիշեցնենք` նախկին իշխանության ներկայացուցիչները քաղաքական գործընթաց են սկսել, միավորվել են իշխանության դեմ, պահանջում են կառավարության հրաժարականը:
Սոնա Դավթյան