Շատ դժվար է անդրադառանալ որոշակի հարցի, խնդրի կամ թեմայի, որի վերաբերյալ ամեն ինչ կարծես թե լիովին պարզ է: Հենց այդպիսի պարզ ու ակնհայտ թեմա է գազի գինը Հայաստանում: Բոլորի համար պարզ է, որ այն թանկացել է շատ ավելի վաղուց , որ այս ամբողջ ընթացքում էներգետիկայի երկարակյաց նախարար Արմեն Մովսիսյանը, բնականաբար՝ հստակ պատվերով, ամեն կերպ փորձել է այն քողարկել և հասարակությանը մանիպուլյացիայի ենթարկել: Պարզ է, որ Թեհրանին վերջնականապես զայրացրեցին հայաստանյան պաշտոնյաների հայտարարությունները իրանական գազի թանկության մասին, այն դեպքում, երբ բացարձակ որևէ բանակցություն չի եղել այդ ուղղությամբ: Մի խոսքով Հայաստանում ամեն ինչ շատ պարզ է, անգամ պարզունակ, բայց, այնուամենայնիվ, կա մի բան, որը շատ դժվար է հասկանալ:
Անընկալելի է, թե ինչպես կարող է պաշտոնավարել մի նախարար, որը ամնացինիկ կերպով երկու տարի շարունակ հրապարակայնորեն ստել է: Անտրամաբանական է, թե ինչպես կարող է պաշտոնավարել նախարարը, որի որդին ձերբակալված է թմրանյութերի բիզնեսի մեղադրանքով: Գերմանիայում օրեր առաջ նախարարը հրաժարական տվեց միայն այն պատճառով, որ հանրությանը հայտնի էր դարձել, որ իրեն հատկացված պետական ավտոմեքենայով երթևեկել են իր ընտանիքի անդամները: Իհարկե, Հայաստանը Գերմանիա չէ, բայց կարծես թե բարոյականության սկզբունքները բավականաչափ ընդհանրություններ ունեն բոլոր երկրների համար: Ոչ պակաս անհասկանալի է, թե ինչպես կարող է կրթության և գիտության նախարարը ոտնձգություններ կատարի երկրի պետական լեզվի նկատմամբ: Բացարձակ անհասկանալի է, թե ինչպես կարող է պաշտոնավարել վարչապետը, որը հնգամյա գործունեությունը լիովին ձախողված է, որի գրեթե ոչ մի խոստում և կառավարության ծրագրում ընդգրկված դրույթ չի իրականացվել: Ոչ պակաս տարօրինակ է, թե ինչպես կարող է մշտապես «եվրոտղա» ներկայացող նախարարապետը ժամերի ընթացքում վերածվի ռուսական կայսերապաշտության հենասյան:
Վերջապես ամենաանհասկանալին` ինչպես կարող է պաշտոնավարել մի նախագահ, որ իր աթոռին հայտնվեց 10 զոհերի արյան գնով ու ոչ մի քայլ չարեց մեղավորներից որևէ մեկին անգամ ձևական պատասխանատվության ենթարկելու համար: Որի պաշտոնավարման տարիներին տեղի ունեցավ աղքատության ու արտագաղթի շեշտակի աճ, որն ամբողջ հանրության անունից միանձնյա որոշումներ սկսեց կայացնել այս կամ այն քաղաքական խմբավորման մեջ մտնելու հարցում` հարկ չհամարելով անգամ տեղյակ պահել իր կուսակից մանկլավիկներին, ում մտքի թռիչքը հերիքեց երկրում առկա ծանր կացության համար մեղավոր համարել լրագրողներին:
Այս անհասկանալիության շարքում սոցցանցերում և լրատվամիջոցներում զարմացական ու զայրացական կարծիքներ են հնչում, թե ինչու դեկտեմբերի 7-ի կապակցությամբ մայրաքաղաքից ոչ ոք չի մեկնել Գյումրի: Բայց դա բոլորվին էլ անհասկանալի չէ, որովհետև ինչու մեկնել, կամ մեկնեն, որ ինչ անեն. հերթական տրաֆարետային սրտաճմլիկ ճառերը կարդան ու դրանով իրենց պարտքը կատարվա՞ծ համարեն: Արդյոք Գյումրու անօթևանները ունեն դրա կարիքը, հաստատապես` ոչ:
Աղասի Մարգարյան