Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը:
Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն իր ելույթում մասնավորապես նշեց.
«Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության իրավիճակում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելը առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով… Ներկայումս վարչական իրավախախտումների 183.3 հոդվածի մասը սահմանում է վարչական պատասխանատվություն ինչպես մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների, այնպես էլ ազատ տեղաշարժման իրավունքի այլ սահմանափակումների համար՝ սահմանելով պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկու հարյուր հիսունապատիկի չափով, սակայն ներկայումս գործում են ազատ տեղաշարժման որոշ սահմանափակումներ, որոնք, մեր կարծիքով, համադրելի չեն մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման հետ՝ հաշվի առնելով դրանց հանրային վտանգավորությունը, հետևաբար առաջարկվել է ավելի մեղմ պատժատեսակ, պատժաչափ՝ 10000 դրամի չափով, ազատ տեղաշարժման պահանջ, պայման խախտելու համար: Խոսքը մասնավորապես վերաբերում է պարետի որոշմամբ սահմանված դիմակների պահանջին՝ բաց տարածքներում, որի պայմաններում գործող օրենքով տուգանքը 100000-250000 դրամ է: Հիմա առաջարկվում է դրա համար սահմանել 10000 դրամ»: