«Ազատ Հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Մարտունի քաղաքում լարված իրավիճակի հետ։
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Ներքաղաքական իրավիճակի լարելով մեր քաղաքական մրցակիցները փորձում են կեղծ օրակարգ ստեղծել, էժանագին դիվիդենտներ շահել, ստվեր գցել Արցախում անցկացվող ընտրությունների լեգիտիմության վրա, ընտրություններում իրենց համար արդեն ակնհայտ երևացող անցանկալի արդյունքներ արձանագրելու պարագայում երկիրը տանել պառակտման և բռնի հեղափոխության միջոցով փորձել զավթել իշխանությունը։
Չի ստացվելու։ Ժողովուրդը թույլ չի տալու։ Արցախում իշխանափոխությունը տեղի է ունենալու սահմանադրական ճանապարհով, իսկ սադրիչները մերժվելու են»։
Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Մարտունի քաղաքում։ Մարտունու քաղաքապետը հանդես է եկել հայտարարությամբ, հավաստելով, որ Արցախի Հեղափոխական կուսակցության անդամները քաղաքում քարոզարշավի ընթացքում դիմում են սադրանքների և լարում նախընտրական իրավիճակը։ Նա հորդորել է կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանին զերծ մնալ նման գործելավոճից և իրականացնել քարոզարշավը օրենքի սահմաններում։