ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը օրենսդրական նոր նախաձեռնությամբ է հանդես եկել:
Պատգամավորն առաջարկում է փոփոխություններ կատարել «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերում:
Նախագծով օրենսդիր մարմնի անդամը ցանկանում է կասեցնել քաղաքացիների շրջանում արտագաղթի ցանկությունը, նպաստել ներգաղթին՝ առաջարկելով այլընտրանքային ծառայության հնարավորություն. ծառայությունից խուսափելու փոխարեն քաղաքացիները կարող են օրինական ճանապարհով ազատվել պարտադիր ծառայությունից՝ ծառայելով ընդհամենը մեկ ամիս:
Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելուց առաջ քաղաքացին պարտավոր է պետական բյուջե վճարել 10.000.000 ՀՀ դրամ, ծառայել 1 ամիս հատուկ արագացված ընթացակարգով: Այդ մեկ ամսում սովորել զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը, հաշվառվել կոնկրետ զորամասում, տալ զինվորական երդում և պարտավորվել ներկայանալ զորահավաքներին:
Նախագծով առաջարկվող 10.000.000 ՀՀ դրամի չափը հաշվարկվել է՝ հաշվի առնելով պաշտպանության բանակում պայմանագրային հիմունքներով ծառայող քաղաքացիների միջին աշխատավարձը: