Մինչ քաղաքակիրթ աշխարհն ու միջազգային հանրությունը անվերապահորեն դատապարտում են թուրքական բանակի ներխուժումը Սիրիայի հյուսիս, որոշ ազդեցիկ երկրներ էլ դադարեցրել են զենքի մատակարարումը Թուրքիային, Անկարա-Բաքու տանդեմը նոր ու վտանգավոր հորիզոններ է նվաճում: Եվ ահա Ադրբեջանի նախագահականի ՀԿ-ներին աջակցող խորհրդի անդամ Էմին Հասանլըն հայտարարել է, որ 1000-ից ավելի ադրբեջանցի երիտասարդներ թուրքական բանակին կամավոր անդամագրվելու համար դիմումներ են ներկայացրել: Սա, իհարկե, եղբայրական պետությունների համար շարքային «սիրախաղ» է, բայց այն մտահոգիչ է նաև հայության համար և հենց այդ համատեքստում է կարևոր…
Անդրադառնալով ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարությանը՝ ԱՄՆ-ի հարցերով փորձագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Araratnews.am-ի հետ զրույցում նշեց. «Նախ, վտանգավոր եմ համարում թուրքական բանակի ներգրավումը սիրիական հակամարտությունում և այդ համատեքստում ադրբեջանցի զինվորականների հնարավոր ներգրավվածությունը Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող թուրքական զորամիավորումներում լրջորեն սպառնալու է ոչ միայն այնտեղ ապրող սիրիահայությանը, այլև համայն հայությանը: Այս պահի դրությամբ նման հավանականություն քիչ եմ համարում, բայց ոչինչ բացառված չէ»։ Թուրք-ադրբեջանական տանդեմն, իհարկե, մշտապես թիրախավորվել է հայության վրա, ավելի՛ն, հաշվի առնելով Ալիևի՝ Վալդայում ունեցած հակահայկական ելույթը, ապաև՝ ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստին Ադրբեջանի նախագահի մառազմատիկ որակումները Նժդեհի մասին, որոշակի մտավախություն կա, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է վերստին սրվել: Այս իմաստով, Սուրեն Սարգսյանը կարծում է, որ Ադրբեջանն օգտագործելու է ցանկացած առիթ՝ հայերին հարվածելու համար:
«Ինչ վերաբերում է Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վարած քաղաքականությանը, ապա ցանկացած հարմար առիթի դեպքում Ադրբեջանը փորձելու է ռազմական գործողություններ իրականացնել այս կամ այն ուղղությամբ: Եվ հենց սրանով են պայմանավորված Բաքվի կողմից բանակցային գործընթացը տապալելու ջանքերը, ինչի միջոցով Ադրբեջանը միջազգային հանրությանը փորձում է համոզել, որ որևէ այլ ելք չկա խնդիրը կարգավորելու համար, քան ռազմական ճանապարհով ղարաբաղյան հարցի լուծումը»,- նման տեսակետ հնչեցրեց միջազգայնագետը: Մեր դիտարկմանը, թե Վրաստանն էլ կարծեք ոչ միանշանակ քաղաքականություն է վարում տարածաշրջանում, մասնավորապես՝ այդ երկրի վարչապետը ռեգիոնալ այցերը սկսում է Բաքվից, ապա նոր այցելում՝ Հայաստան, Սուրեն Սարգսյանն ասաց, որ դրանում պետք չէ հատուկ դիտավորություն տեսնել: «Չեմ կարծում, որ նման այցերով պետք է բնութագրել այս կամ այն երկրի՝ մյուսների նկատմամբ ոչ հավասար վերաբերմունքը: Բայց հայկական կողմը, բնականաբար, պետք է ավելի ակտիվանա Վրաստանի հետ հարաբերություններում: Նման քայլեր, ի դեպ, տեսնում ենք վերջին ամիսներին՝ Հայաստանի ու Վրաստանի ղեկավարության շփումների մակարդակում, և, ինչպես վարչապետ Փաշինյանն ասաց, մեզ համար Վրաստանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն»,- համոզմունք հայտնեց քաղաքագետը:
Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությանը և դրան ուղղված քայլերին: Մնում է հուսալ, որ այս ձևակերպումը հատկապես Բաքվում կըմբռնեն, իսկ առաջադեմ մարդկությունն էլ առավել կենսունակ պատժամիջոցներ կկիրառի իրական ահաբեկիչների նկատմամբ…
Արա Ալոյան