Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը ապատեղեկատվություն է տարածել, թե իբր Մոսկվայում ադրբեջանցի ներգաղթյալի կողմից սպանված Եգոր Շչերբակովը ձերբակալվել է մոսկովյան Վնուկովո օդանավակայանի մաքսատանը, երբ ցանկանում էր թռչել Վարշավա։ Թերթի ինֆորմացիան համացանցում է տեղադրել ադրբեջանական 1NEWS.AZ կայքը։ Թերթը նաև գրել է, թե Շչերբակովի ընկերուհին՝ Քսենյա Պոպովան, 2 օր առաջ լքել է Ռուսաստանը և թռել Փարիզ։
Ադրբեջանցիների վարկածով՝ «սպանության կազմակերպիչները այդպիսով ցանկանում են ապահովել Եգոր Շչերբակովի և նրա սիրուհու անվտանգությունը, քանի որ այդ գործի առնչությամբ Ռուսաստանում դեռ պահպանվում է լարվածությունը»։ «Ենի Մուսավաթ»-ի միակ հիմնավորումն այն է, թե սպանությունը լուսաբանող ԶԼՄ-ները ոչ մի անգամ ցույց չեն տվել ոչ Շչերբակովի մարմինը, ոչ էլ նրա թաղումը։
Փոխարենը ադրբեջանցիները ամբողջ թափով լծվել են մարդասպան Օրհան Զեյնալովին արդարացնելու և նույնիսկ զոհի դերում ներկայացնելու գործին։ Երևում է՝ մարդասպաններին հերոսականացնելու երևույթը դառնում է ադրբեջանական ազգային սովորություն։