Այսօր Ադրբեջանի կառավարությունը հրապարակել է զեկույց, որում մասնավորապես ասվում է, որ անցած տարի հատուկ ծառայությունների կողմից իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալվել են այդ երկրի մի քանի քաղաքացիներ, ովքեր, իբր, համագործակցել են Հայաստանի և Իրանի հատուկ ծառայությունների հետ: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը:
Զեկույցում ասվում է, որ «հակաահաբեկչական նպատակաուղղված գործողությունների արդյունքում, որոնք իրականացվել են անցած տարի, քրեական պատասխանատվության են ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներ, ովքեր օտար պետությանն են փոխանցել երկրում հասարակական քաղաքական կյանքի, նավթային ռազմավարության, շրջաններում տեղի ունեցող զարգացումների, երկրի իշխանությունների և պետական պաշտոնյաների վերաբերյալ տեղեկություններ: Բացի այդ, քրեական պատասխանատվության է ենթարկվել ևս մեկ հոգի, ով հանցավոր կապ էր հաստատել Ռուսաստանում բնակվող ազգությամբ հայերի հետ, ում համար պատրաստել և վաճառել է կեղծ փաստաթղթեր», — ասվում է զեկույցում, որը նախապատրաստվել է Ադրբեջանի խորհրդարանի համար: