Այսօր հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի մայրն ու եղբայրը հանդիպել են Ամենայն հայոց կաթողիկոսին: Ինջիղուլյանի հարազատները ցանկացել են ճշտել, թե արդյոք վերջինս ստացե՞լ է Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի՝ իրեն հասցեագրված նամակը, և ինչ է պատմում Հակոբի հետ հանդիպման մասին Փաշազադեն:
Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում Հակոբի եղբայրը` Հարություն Ինջիղուլյանը, նշել է, որ կաթողիկոսը խնդրել է սարկավագին ստուգել, թե կա արդյոք իրենց ուղղված որևէ նամակ։ Սարկավագը տեղեկացրել է, որ պաշտոնական փոստին որևէ նամակ չի հասել: «Բայց մի քանի րոպեից հետո կաթողիկոսը հիշեց ու ասեց, վայ հիշեցի, այդ նամակը գտնվում է Հայաստանի ԱԳՆ-ում, քանի որ նման նամակները երրորդ օղակի միջոցով են ուղարկվում»,- պատմել է Հարություն Ինջիղուլյանը:
Անդրադառնալով հանդիպման բուն թեմային` Հարությունը նշել է, որ ինքն ու մայրը խնդրել են, որ Ամենայն հայոց կաթողիկոսը օգնի Հակոբին, ինչին ի պատասխան կաթողիկոսն ասել է. «Մենք նկատի ունենալով իր աստիճանը, խնդրեցինք, որ հարցին, գոնե մասամբ լուծում տար, բայց ինքն ասեց, որ չի կարող ընդհանրապես հարցին լուծում տալ, քանի որ Ադրբեջանն այն երկիրը չէ, որ հոգևոր առաջնորդ ճանաչի, սրբություն ճանաչի, և այն, որ իր նամակից հետո Փաշազադեն հանդիպել է Ինջիղուլյանի հետ, դա արդեն իսկ ողջունելի և դրական քայլ է»:
Araratnews.am-ի թղթակիցը փորձել է կապ հաստատել նաև ԱԳՆ-ի համապատասխան բաժնի հետ, մինչդեռ այնտեղից հեռախոսազանգերին չեն պատասխանել:
Էմմա Պալյան
Էմմա Պալյան