Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորված զինծառայողներից մեկը մահացել է։
«Չնայած բժիշկների ջանքերին ՝ ադրբեջանական բանակի զինծառայող, Դաշդեմիրով Խայամ Մահոմեդ օղլին, ով ծանր վիրավորվել էր, մահացել է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է հաղորդագրության մեջ։
Ընդհանուր առմամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է ադրբեջանական զինուժի 3 զինծառայող, կա 4 վիրավոր։
Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է նաև զոհված մյուս երկու զինծառայողների անունները։ Նրանք են սերժանտ Սադիգով Վուգար Լյատիֆ օղլին և ավագ շարքային Էլշադ Դենմեզ օղլին։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան: