Ռուսական «Էքսպրես Գազետա» պարբերականը ուշագրավ հոդված է հրապարակել հետևյալ վերնագրով՝ «Ինչու են Ադրբեջանի իշխանությունները սատարում ռուսատյացությունը»:
Նյութում փաստարկված ներկայացվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հատուկ սադրում է, որպեսզի ՌԴ-ում բորբոքվեն հակաադրբեջանական տրամադրություններ:
Պարբերականը նկատում է, որ ռուսական ԶԼՄ-ներն արդեն մի քանի օր է՝ գրում են ադրբեջանցի ազգայնականների ВБОН խմբավորման մասին, որը հետևում է մարդկանց՝ սոցցանցերում Ադրբեջանի հասցեին «ոչ ճիշտ» մեկնաբանությունների համար, սպառնացել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ստիպել է իրենց կողմից գերեվարվածներին ներողություն խնդրել տեսախցիկների առջև: Եղել են նաև դեպքեր, երբ խմբով ծեծի են ենթարկել տուժողներին:
«Այդ ամենը ցուցադրվել է համացանցում թուրքական հայրենասիրական երգերի ուղեկցությամբ: Պաշտոնական Բաքուն չի արձագանքել: Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի իշխանությունները անուղղակի կերպով սատարում են այդ հանցագործներին»,-գրում է «Էքսպրես Գազետան»:
Ռուսական աղբյուրը նաև հարց է բարձրացնում, թե ինչու է ադրբեջանցիների շրջանում աճել ռուսաֆոբների սերունդը:
«ԽՍՀՄ փլուզումից հետո, 1989 թվականին Ադրբեջանում ապրում էին գրեթե 400 հզր ռուսներ, բայց ազգայնականության պոռթկումը հանգեցրեց նրան, որ հիմա այդ երկրում ապրում են 100 հազարից քիչ էթնիկ ռուսներ: Ռուսաստանին մեղադրում էին Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համար՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հայամետ քաղաքականության համատեքստում»,- ասվում է հրապարակման մեջ:
Հոդվածագիրների կարծիքով, դպրոցներում անցկացվող պատմական կոնցեպցիայի արդյունքում ռուսատյաց սերունդ է աճել, ինչը հովանավորվել է Ալիևների կլանի կողմից, որը շուրջ 30 տարի ղեկավարում է Ադրբեջանը:
«Արտագնա աշխատանքի համար ՌԴ մեկնած ադրբեջանցիները չեն էլ թաքցրել իրենց հակառուսական հայացքները և շարունակել են երեխաներին դաստիարակել Ռուսաստանի նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքի մթնոլորտում: Եվ հենց արտագաղթողերի այդ սերունդն է ներգրավվում հիշյալ խմբավորումներում»,- գրում է թերթը:
Ռուս լրագրողները նաև օրինակներ են վկայակոչել այն հակառուսական հայտարարությունների մասին, որոնք արել են ադրբեջանցի քաղաքական գործիչները:
«Ռուսաստանը, որը տակավին չի հրաժարվում իր կայսերապաշտական նկրտումներից, Ադրբեջանի խոշոր թշնամին է: Ռուսաստանը կործանվում է մեր աչքերի առջև: Եվ պետք է սպասել այդ երկրի կործանմանը»,- Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեի խոսքերը մեջբերում է ռուսական պարբերականը:
Հոդվածում նշվում է, որ վերջին տարիներին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակվել են հակառուսական բազում հոդվածներ, ընդ որում՝ մեծամասամբ իշխանամետ ԶԼՄ-ներում:
«Իսկ «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունն» արել է հետևյալ հայտարարությունը. «Պահանջում ենք, որ Ռուսաստանի ղեկավարությունը դադարեցնի ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցների նկատմամբ խտրական վերաբերմունքը: Հակառակ դեպքում մեր կազմակերպությունը կկիրառի կոնկրետ քայլեր Բաքվում ՌԴ դեսպանատան փակման և Ադրբեջանում ապրող ռուսներին արտաքսելու ուղղությամբ»,- հրապարակված հոդվածներից մեկը մեջբերել է «Էքսպրես Գազետան»:
Հոդվածագիրների կարծիքով՝ այս ամենի լույսի ներքո պետք չէ զարմանալ ՌԴ-ում ապրող որոշ ադրբեջանցիների հակառուսական գործողություններից, ինչպես նաև հիշյալ հանցավոր խմբավորման ձևավորման փաստից, քանի որ այդ գաղափարախոսությունը խրախուսվում է Բաքվի իշխանությունների և պետական քարոզչամեքենայի կողմից:
«Էքսպրես Գազետան» նկատում է նաև, որ այս ամենին պետք է արձագանքեն ոչ միայն իրավապահ մարմինները, այլև ՌԴ ԱԳՆ-ն: