տուն Լուրեր Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը չի արգելվում ՀԱՊԿ որևէ օրենքով

Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը չի արգելվում ՀԱՊԿ որևէ օրենքով

201
0

HAPK

 

Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը չի արգելվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) որևէ օրենքով, նորմով կամ համաձայնագրով. այսօր ԱԺ-ում ընթացող ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի փակ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել է հանձնաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի ներկայացուցիչ Անատոլի Վիբորնին։

ՌԴ ներկայացուցիչը պնդել է, որ Ռուսաստանը` որպես ՀԱՊԿ-ի անդամ, իր պարտավորությունները մյուս բոլոր երկրների նկատմամբ կատարում է օրենքի տառին համահունչ։ Հանձնաժողովի նախագահը նաև նշել է, թե Ադրբեջանին զենքի վաճառքի հարցն այսօրվա նիստում քննարկվել է։

«Մենք նկատի կունենանք ձեր այդ անհանգստությունը: Այն, որ մենք ՀՀ-ի տարածքում ենք անցկացնում այս նիստը, դա արդեն վկայում է այն մասին, որ մենք անհանգստանում ենք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով: ՌԴ-ն առավելագույնս անում է ամեն ինչ, որպեսզի որևէ երկրի կողմից չլինի սպառնալիք: ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները պետք է գործեն միմիայն իրավական դաշտում»,- ասել է նա։
«Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ՀԱՊԿ պատվիրակության խորհրդական Խոսրով Հարությունյանն իր հերթին նշել է, որ իրենք նիստի ժամանակ խոսել են այս մասին, և նպատակը եղել է պարզ ձևով հասկացել գործընկերներին, որ Հայաստանին սպառնացող վտանգը նաև ՀԱՊԿ անդամ երկրների խնդիրն է, ինչը, ըստ նրա՝ իրենք փաստել են։

Խոսրով Հարությունյանը նկատել է, որ թեև ՀԱՊԿ համաձայնագրում ներառված չէ ԼՂ հակամարտության վերաբերյալ կետ, սակայն բոլոր հուզող հարցերը ներկայացված են ՀՀ-ին վերաբերող հարցերի ենթատեքստում։

«Վերջնական համաձայնագրում բոլորիս հուզող հարցերը ևս ներառված կլինեն: Նոյեմբերի վերջին, հավանաբար, կունենանք հայտարարություն, որ ռազմական ճանապարհով լուծելի որևէ փորձ՝ ՀԱՊԿ կողմից կարող է դիտվել որպես միջազգային իրավունքին և ՀԱՊԿ-ին ուղղված մարտահրավեր»,– նշել է նա՝ ավելացնելով, որ հայկական կողմը նիստի ժամանակ նաև նշել է, որ ՀՀ-ի համար ռեալ սպառնալիք է նաև Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը:

Նշենք, որ մամուլի ասուլիսը սկսել է ռուսերեն, սակայն լրագրողների խնդրանքով Խոսրով Հարությունյանն սկսել է իրեն ուղղված հարցերի պատասխանները տալ հայերենով: Իսկ ի պատասխան ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի դժգոհությանը, թե ինչու է նիստի աշխատանքային լեզուն ռուսերենը, Խոսրով Հարությունյանը պատասխանել է, որ սա արտագնա նիստ էր և աշխատանքային լեզուն ռուսերենն էր ընտրվել։

«Տրամաբանական էր, որ այդպես էլ պետք է լիներ: Այլ հարց է, որ պարոն Քոքոբելյանը ինձ նախապես տեղյակ էր պահել, որ ապահովվեր իր համար հայերեն թարգմանություն, սակայն դա տեխնիկապես հնարավոր չեղավ, սակայն նրա բարձրացրած բոլոր հարցերը տեղ են հասցվել»,-նշել է նա:
Էմմա Պալյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here