ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սումգայիթում հայերի ջարդերի 32-րդ տարելիցի առնչությամբ «Twitter»-ի միկրոբլոգի իր էջում գրել է, որ Ադրբեջանը ջարդերով արձագանքեց ԼՂԻՄ-ի ժողովրդի ինքնորոշման խաղաղ կոչին:
«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակին: 32 տարի առաջ Ադրբեջանը հայերի շրջանում զանգվածային բռնություններով ու ջարդերով արձագանքեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խաղաղ կոչին: Մենք մեր տուրքն ենք մատուցում նրանց հիշատակի առաջ՝ նման հանցագործությունների կանխման հաստատակամությամբ»:
Հավելենք, որ 1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեցին քաղաքի հայ ազգաբնակչության ջարդերն ու զանգվածային տեղահանությունը։ Փետրվարի 29-ին խորհրդային զորքերը մտան Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվեցին բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը միայն երեկոյան էր դիմել վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։ Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրոխորհրդարանը (1988 թ.), ԱՄՆ Սենատը (1989 թ.) և Արգենտինայի խորհրդարանը։
We are commemorating the innocent victims of #Sumgait massacres. 32 years ago #Azerbaijan responded to peaceful appeal of #NagornoKarabakh ppl to #selfdetermination w/mass violence & pogroms agnst Armenians. We pay our duty to memory with strong commitment to prevent such crimes.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) February 28, 2020