Այսօր բանտից ազատ է արձակվել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին: Նույն օրը նա մեկնել է Գերմանիա: Առայժմ պարզ չէ, թե Բաքուն ինչու է ազատ արձակել լրագրողին, որն ակնհայտ խանգարում էր իշխանություններին: Կարծիք կա, որ դա արվել է Նովրուզի առիթով:
Մուխթարլին աշխատում էր ընդդիմադիր Meydan TV հեռուստաալիքում, 2017-ին Ադրբեջանի հատուկ ծառայությունները նրան առևանգել էին Թբիլիսիում, այնուհետև գաղտնի տեղափոխել Ադրբեջան: Հայրենիքում Մուխթարլիին մեղադրանք էր առաջադրվել սահմանն ապօրինի հատելու, մաքսանենգության և սահմանապահների վրա հարձակման համար: Նա դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման:
Աֆղան Մուխթարլիի կալանավորումն ու դատապարտումն առաջացրել էր Եվրախորհրդարանի, ինչպես նաև իրավապաշտպան մի շարք միջազգային կառույցների, մասնավորապես, Amnesty Internationa-ի բողոքները: Լրագրողին ճանաչեցին «խղճի բանտարկյալ»: Մասնագետները նկատել են, որ մարդկանց առևանգելն ու բանտերում անմարդկային պայմաններում պահելը Ադրբեջանի իշխանությունների բնորոշ ոճն են: Ավելի վաղ Ռուսաստանում առևանգել էին թալիշների ազգային շարժման առաջնորդ Ֆախրադդին Աբոսզոդային, Ուկրաինայում էլ՝ բլոգեր Էլվին Իսաևին: