Այսօր «Ամերիկայի հայկական ասամբլեայի» գրասենյակում տեղի ունեցած կլոր սեղանի ընթացքում «Ադրբեջանահայերի համագումարի» նախագահության անդամ Մարիամ Ավագյանն ասաց, որ իրենք արդեն հաստատել են Ադրբեջանահայերի համար նախատեսված քաղաքի նախագիծը:
Ըստ «Ադրբեջանահայերի համագումարի», իրենք կկառուցեն քաղաք Քաշաթաղում, շուրջ 20 քառակուսի կիլոմետր տարածքի վրա, որտեղ կբնակվեն 100.000 Ադրբեջանից փախստական դարձած հայեր: Ըստ բանախոսի, քաղաքի ստեղծման համար միջոցներ հավաքելու խնդիր չունեն իրենք, քանի որ ամբողջ աշխարհում բազմաթիվ մեծահարուստ ադրբեջանահայեր պատրաստակամություն են հայտնել ֆինանսավորել այս նախագիծը: Նրանք իրենց այս նախագիծը ներկայացրել են խորհրդարանական խմբակցություններին, հավանություն ստացել նրանց կողմից, սակայն քաղաքի կառուցման թույլտվությունն Արցախի իշխանություններն այդպես էլ չեն տալիս:
Մեկ այլ բանախոս՝ «Արատտա» երիտասարդական շարժման ղեկավար Հովհաննես Բասենյանցն ասաց, որ իրենք աջակցելու են այդ քաղաքը համալսարանական կենտրոն դարձնելու գործին: Ըստ նրա, քաղաքը կրթական կենտրոն դարձնելով՝ կնպաստեն քաղաքային կյանքի աշխուժացմանն ու զարգացմանը:
Կլոր սեղանին մասնակից «Հայազն» կուսակցության ներկայացուցիչներն ասացին, որ իրենք պատրաստ են աջակցել Արցախի վերաբնակեցման գործին նպաստող ցանկացած նախագծի:
Մասնակիցներից Էրիկ Իսրայելյանն էլ ներկայացրեց, թե ինչ բնական պաշարներ կան քաղաքի համար նախատեսված վայրում, ինչ կտա վերաբնակեցումն Արցախի հարցի լուծման մեջ: