տուն Լուրեր ԱԳ փոխնախարարը խուսափել է լրագրողների հարցին պատասխանելուց

ԱԳ փոխնախարարը խուսափել է լրագրողների հարցին պատասխանելուց

320
0

Zohrap-Mnacakanyan4444444444

Արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում խուսափել է պատասխանել այն հարցին, թե Հայաստանի ԱԳՆ-ն ինչպես է վերաբերվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությանը, որ Հայաստանին Մաքսային միություն ընդունելու հարցում պետք է հաշվի առնել նաև Ադրբեջանի կարծիքը: «Ես չեմ կարող մեկնաբանել, թե ինչ է ասել պարոն Լուկաշենկոն»,- ասել է նա:

ԵՄ Ասոցացման համաձայնագրի և Մաքսային միության միջև հակասությունների վերաբերյալ հարցին փոխնախարարը պատասխանել է, որ կան տարբեր նորմերի համապատասխանեցման հարցեր, որոնք ինչ-որ չափով համընկնում են, ինչ-որ չափով կարող են տարբերվել, և այս առումով մենք պետք է ավելի ուշադիր լինենք մեր հայտարարություններում:

«Մենք պետք է ուշադիր լինենք, որպեսզի չստեղծենք անհամապատասխանություն նորմերի և ստանդարտների ինտեգրացիոն այն ուղղության մեջ, որում մենք այսօր ներգրավված ենք: Գոյություն ունեն նորմեր և ստանդարտներ տարբեր ինտեգրացիոն գործընթացների մեջ, մենք պետք է այդ նորմերին և ստանդարտներին համապատասխանեցնենք մեր գործը»,- նշել է  նա:

Զոհրաբ Մնացականյանը հայկական կողմից եղել է ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի շուրջ հիմնական բանակցողը: Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչո՞ւ փոխնախարարը չընդդիմացավ, երբ հայտարարվեց, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը: «Այսինքն՝ դուք ի՞նչ նկատի ունեք: Ես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարարն եմ, ես աշխատում եմ Հայաստանի կառավարության համար և երկրի համար»:

Հարցին, թե ինչո՞ւ էին ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ 4 տարի բանակցում, եթե պետք է Հայաստանը Մաքսային միությանը միանալու որոշում կայացներ, նա պատասխանել է. «Հայաստանը և Եվրամիությունն ունեն հարաբերություններ, որոնք ունեն իրավական հիմքեր: Այդ իրավական հիմքն այսօր համագործակցության և գործընկերության պայմանագիրն է, այդ հիմքերը կարիք են ունենում նորոգման: Մենք զարգացնում ենք այդ հարաբերությունները, խորությունը: Թե ինչքանով կկարողանանք առաջ գնալ, դա շարունակական գործ է լինելու: Այո, ասոցացման պայմանագիրը մեզ տալիս էր մեկ հնարավորություն՝ գնալու ինչ-որ մի ավելի խոր ուղղությամբ, մենք որքանով կկարողանանք պահպանել խորությունը, սա շարունակական գործընթաց է: Մենք ունենք Վիլնյուս և ունենք կյանք Վիլնյուսից հետո»:

 

Էմմա Պալյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here