տուն Հասարակություն Կրթություն Ագրարային համալսարանը հյուրընկալում է Պարենային ապահովության Եվրասիական խորհրդաժողովը

Ագրարային համալսարանը հյուրընկալում է Պարենային ապահովության Եվրասիական խորհրդաժողովը

364
0

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 2019 թ. հոկտեմբերի 29-31-ին հյուրընկալում է Պարենային ապահովության եվրասիական 4-րդ խորհրդաժողովը, որի նպատակն է ապահովել տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների, գիտակրթական կառույցների և կառավարությունների հարթակ՝ եվրասիական երկրների պարենային ապահովությանն առնչվող տարաբնույթ մտահոգություններին արձագանքելու համար: Մասնակցում են 22 երկրների ներկայացուցիչներ: Շուրջ 70 զեկուցումներ և հոդվածներ կներկայացվեն:

Խորհրդաժողովը քննության է առնում պարենային ապահովությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպիսիք են թվային գյուղատնտեսությունը, կլիմայափոխությունը, պարենային ապահովության տեսակետից բնական պաշարների կառավարումը և այլն: Եվրասիական տարբեր երկրների պատվիրակներ ներկայացնում են պարենային ապահովության և սննդառության ոորտում առկա մարտահրավերներին դիմակայելու իրենց փորձը և քննարկում ոլորտում քաղաքականություն մշակելու նոր մոտեցումներ, որոնք կխթանեն բարձրարժեք գյուղմթերքի արտադրությունը և հարակայուն գյուղատնտեսական գործելակերպերը:

Խորհրդաժողովի բացման նիստը վարում էր Պարենային ապահովության եվրասիական կենտրոնի տնօրեն Սերգեյ Շոբան: Ողջույնի խոսքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը հույս հայտնեց, որ խորհրդաժողովի ընդունելիք որոշումները հիմք կծառայեն տարածաշրջանի երկրների և մասնավորապես Հայաստանի կառավարության համար՝ նախանշելու պարենային ապահովության առումով հիմնարար լուծումներ:

Ողջույնի իր խոսքում ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի ՊԳԿ-ին, Համաշխարհային բանկին, Պարենի համաշխարհային ծրագրին և մյուս միջազգային գործընկերներին՝ նման մասշտաբի և կարևորության խորհրդաժողովը Ագրարային համալսարանում անցկացնելու հնարավորության համար: Ներկայացնելով աշխարհում առկա սովի և թերսնման վերաբերյալ մի շարք անհանգստացնող տվյալներ՝ պարոն Ուռուտյանը նշեց, որ 2030-ի համար ՄԱԿ-ի նախանշած կայուն զարգացման նպատակ 2-ին՝ «զրո սով» բնագծին հասնելը առասպել կլինի, եթե լուծումները չփնտրենք կրթության ոլորտում, ընդ որում խոսքը հարատև կրթության ու վերապատրաստման մասին է:

Այս նկատառումով ու երկրի առջև ունեցած պարտավորությամբ է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մեկ տարի առաջ սկսել և բուռն թափով առաջ է տանում կառուցվածքային, կրթական ծրագրերի բովանդակության արմատական բարեփոխումները,

նորագույն տեխնոլոգիաներով հագեցած կրթահետազոտական ենթակառույցների ստեղծումը: Առաջնորդվելով գյուղատնտեսական կրթություն – գիտություն — խորհրդատվություն դասական եռամիասնության նոր որակ ստեղծելու ռազմավարական նպատակով՝ համալսարանը առաջատար ագրարային կրթական հաստատությունից փոխակերպվում է առաջատար ագրոտեխնոլոգիական կրթության ու գիտության գերազնցության կենտրոնի, նշեց ռեկտոր Ուռուտյանը:

Նորացվող կարողություններով Ագրարային համալսարանը պատրաստ է գործընկերների լայն ցանցի հետ համատեղ գտնել օրախնդիր այն հարցերի պատասխանները, որոնք երկրորդ օրն է ինչ քննարկում են Պարենային ապահովության եվրասիական 4-րդ խորհրդաժողովի մասնակիցները:

Խորհրդաժողովի առաջին օրվա լիագումար նիստում, որը վարում էր Համաշխարհային բանկի գյուղատնտեսության գծով ավագ տնտեսագետ, ՀԱԱՀ-ի շրջանավարտ Արտավազդ Հակոբյանը, քննության առնվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են պարենային և սննդառության ապահովության գործում առկա համաշխարհային միտումները, թաքնված սովը, ագրոարդյունաբերական ինտեգրումը, դպրոցական սնունդը, թվային գյուղատնտեսությունը, կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունությունը:

Հայաստանի Հանրապետությունում պարենային ապահովության հիմնախնդիրներին և հնարավոր լուծումներին անդրադարձավ Էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանը: Պարենային ապահովության ոլորտում առկա լուրջ մարտահրավերների, մասնավորապես՝ հիմնական սննդամթերքների գծով երկրի ինքնաբավության ցածր մակարդակի և առկա որոշ լավատեսական նախահիմքերի առնչությամբ պարոն Քամալյանը նշեց, որ նախարարությունը որդեգրել է ոլորտում առավելագույն հարմարավետ ներդրումային մջավայր ստեղծելու քաղաքականություն: Մշակվել են տասնյակ միջոցառումներ գյուղատնտեսական արդիական ենթակառույցների ստեղծման ուղղությամբ: «Սակայն ոչ մի որոշում չի կատարվի, եթե մենք էականորեն չբարձրացնենք գյուղատնտեսական կրթության որակը: Այս առումով ողջունում եմ Ագրարային համալսարանի ռեկտորին և իր թիմին, որոնք մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակաշրջանում մեծ հաջողությունների են հասել ագրարային կրթության որակի բարձրացման ուղղությամբ»:

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խորհրդաժողովում զուգահեռաբար ընթանում է երեք նիստ՝ «Եվրասիական տնտեսական միությունում օրգանական գյուղատնտեսության զարգացումը և շուկայի կարգավորումը», «Պարենային ապահովությունը Եվրասիայում. 2019թ.-ի իրական դեպքերի ուսումնասիրություն» և «Գյուղատնտեսության զարգացումը և պարենային ապահովությունը Եվրասիայում» թեմաներով:

Վաղը՝ հոկտեմբերի 31-ին, կկազմակերպվեն շրջագայություններ ագրոբիզնեսի առաջատար ձեռնարկություններ և օրգանական տնտեսություններ:

ՀԱԱՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here