Մեր Աբովյանի գործընկերը, կարծես թե, միտումնավոր կերպով խեղաթյուրում է կամ, ներողություն բառիս համար, լղոզում է ամբողջ իրականությունը: Այսպես արձագանքեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ Վահագն Գևորգյանի քրգործի մասին լրագրողի հարցին:
«Հիմա ես պաշտոնապես իմ ձեռքի տակ ունեմ ամբողջ թղթերի տրցակը՝ ամբողջ փաստաթղթերի, որտեղ որ դուք կարող եք ականատեսը լինել, որ 4 պետական ինստիտուտների՝ Կոտայքի մարզպետարանի, Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի փոխգործուներության արդյունքում հայտարարություն տարածվեց և մեղադրանք առաջադրվեց»,- ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Հիմա, ըստ էության, ինչից է սկսել այս ամեն ինչը. 2019 թ. փետրվարին Կոտայքի մարզպետարանն իրականացրեց մարզպետի ինստիտուտին վերապահված վարչական վերահսկողական գործընթացներ,- պատմեց Ռ. Պետրոսյանը՝ նշելով, որ վերահսկողական պրոցեսների ընթացքում մի ամբողջ ակտ է կազմվել, որում նշված են բոլոր խախտումները. ֆինանսական, քաղաքաշինական, հողաշինական, աճուրդային և այլն։ — Որտեղ վերհանվել են փաստեր: Իրավական գնահատականի արժանի փաստերն իմ կողմից փոխանցվել են դատախազություն, որպեսզի քննվեն, քննության առարկա դառնան, և դրանց տրվի իրավական գնահատական. մարզպետի ինստիտուտը կառավարության կողմից օժտված է որոշակի վերահսկողական գործառույթներով»,- պարզաբանեց Կոտայքի մարզպետը:
«Կառուցապատողը ինքնակամ շինարարություն է իրականացնում համայնքի սեփականությունը հանդիսացող հողերի վրա»,- նկատեց նա:
Նշենք, որ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը շարունակում է պնդել՝ իրեն առաջադրված մեղադրանքն անհիմն է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում ՍՊ ընկերություններից մեկն ինքնակամ զավթել է 2240 քմ մակերեսով հողատարածք եւ այնտեղ իրականացրել ինքնակամ շինարարություն, իսկ Աբովյան համայնքի ղեկավարը, ում վրա իրավական ակտերով պարտականություն է դրված կանխել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի զավթումը, շենքերի, շինությունների ինքնակամ կառուցումը եւ ապօրինի շինարարության հետեւանքները վերացնելը, բավարարվել է միայն ընկերությանը 400 000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի ենթարկելով: