Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրինագծերի փաթեթը՝ ԱԱԾ պետի ու ոստիկանապետի պաշտոնները քաղաքական համարելու մասին։ Օրինագծին կողմ է քվեարկել 111 պատգամավոր, ձեռնպահ՝1։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի ներկայացրած օրինագծով առաջարկվում է ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և համարել դրանք քաղաքական պաշտոններ: Այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս կսահմանվեն պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:
Ավելի վաղ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը փաստաթղթին դրական եզրակացություն էր տվել: Ըստ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի՝ դրական եզրակացությունը տրվել է վերապահումով, քանի որ, պատգամավորների կարծիքով, նախագիծը լրամշակման կարիք ունի: