տուն Հասարակություն ԱԱԾ-ն ինձ կանչել է զրույցի, «ռազբորկայի» լուրերն էլ ծիծաղելի են. փոխնախարար

ԱԱԾ-ն ինձ կանչել է զրույցի, «ռազբորկայի» լուրերն էլ ծիծաղելի են. փոխնախարար

350
0

ԱԱԾ-ը ինձ կանչել է զրույցի: Մանրամասներ չեմ ուզում ասել: Ամենածիծաղելի թեման է, որ Գրիշա Թամրազյանը կարող էր տղայական զրույց ունենալ Սմբատ Գոգյանի հետ: Araratnews.am-ին ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը: Նա վերջին օրերին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում:

Պարոն Թամրազյան, մամուլի հրապարակումներից մեկի համաձայն՝ Դուք խնդիրներ եք ունեցել նախկին փոխնախարար Արևիկ Անափիոսյանի հետ: Ըստ լուրերի՝ Դուք «կոմպրոմատներ» եք ներկայացրել նախարար Արայիկ Հարությունյանին` ընդդեմ փոխնախարարի, ինչի պատճառով էլ Արևիկ Անափիոսյանն ազատվել է աշխատանքից:

Չեմ մեկնաբանում դա:

Բայց Արևիկ Անափիոսյանը հերքել է մամուլի այդ հրապարակումը, իսկ Դուք չեք մեկնաբանում, կարծես թե լուրի իսկության հաստատման նշույլ եք թողնում:

Չեմ մեկնաբանում:

Մայիսի 25-ին ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում արտահերթ նիստ կլինի, որտեղ քննարկվելու են Բարձրագույն որակավորման խորհրդի (ԲՈԿ) նախկին նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականն ու նրա բարձրաձայնած խնդիրները: Դուք մասնակցելո՞ւ եք նիստին:

Ես դեռ հրավեր չեմ ստացել: Տեղյակ եմ՝ նիստ է լինելու: Նույն օրը, նույն ժամին Անվտանգության խորհրդի հանձնաժողովում նիստ կա, որի անդամ եմ ես: Արցախից նախարարի վերադարձից հետո կքննարկենք հրավերը: Բայց կարծում եմ՝ ներկա կլինեմ:

Հրապարակումների համաձայն՝ Դուք ԲՈԿ նախկին նախագահի հետ խնդիրներ եք ունեցել, նույնիսկ նրան կանչել ենք առանձին հանդիպման, այսպես ասած՝ տղայական «ռազբորկայի»:

Ես չեմ փորձել հանդիպել Սմբատ Գոգյանի հետ: Ինձ համար աբսուրդի ժանրից է: Բացի աշխատանքային, գործնական հարցերից՝ Սմբատ Գոգյանի հետ այլ հարցեր քննարկելը տղամարդկային ֆորմատով ուղղակի ծիծաղելի է:

Սմբատ Գոգյանի  հրաժարականի պատճառներից մեկը տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում…

Սմբատ Գոգյանը թող մեկնաբանի իր հայտարարությունները, որոնք անհեթեթություն են: Իր անհաջողությունը փորձում է կապել մեկ այլ մարդու հաջողության հետ, կարծում եմ՝ դա խնդիր է տվյալ մարդու համար:

Ո՞րն է Սմբատ Գոգյանի անհաջողությունը:

Չեմ ուզում ծավալվել: Եթե մարդն իր աշխատանքից հեռանալը կապում է այլ մարդու հաջողության հետ, դա խնդիր է տվյալ մարդու համար:

Դուք հերքո՞ւմ եք, որ հովանավորում եք տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանին:

Դիանա Գալոյանին ես ոչ մի բանով չեմ հովանավորել: Նա,  ըստ իս, ամենալավ աշխատող ռեկտորներից է մեր երկրում: Դիանա Գալոյանի աշխատակիցների 90 տոկոսը, 1500 ուսանողներ նրան բարձր են գնահատում: Նրա հովանավորներն աշխատակազմն ու ուսանողներն են:

Եւ նրա դոկտորականում թարգմանություններ եւ արտագրություն չկա՞ն:

Հանձնաժողովը տվել է կարծիքը, որից էլ կարող եք անել ձեր հետեւությունը:

Փաստորեն, Դուք պատրաստ եք Սմբատ Գոգյանի հետ դեմառդեմ ԱԺ-ում քննարկելու վերջին օրերին ստեղծված աղմուկը, որը նրա աշխատանքից ազատմանն է առնչվում:

Ոչ մի խնդիր չեմ տեսնում: Իրենց կրթության փորձագետներ անվանողները փորձում են աղմուկ-աղաղակ բարձրացնել նախարարության շուրջ: Այս պահին թիրախավորել են ինձ, բայց վատ ընտրություն են կատարել, քանի որ իմ աշխատանքով փորձում եմ բարիք ստեղծել: Կարծում եմ՝ իմ աշխատանքը լավ եմ անում: Սմբատ Գոգյանի հրաժարականի որ մասն ինձ է վերաբերում, կտամ պարզաբանումներ խորհրդարանում, որպեսզի ԱԺ հանձնաժողովի անդամների համար պարզ լինի եւ հասկանան՝ ինչու է Սմբատ Գոգյանն անհեթեթ հայտարարություններով հանդես եկել:

ԱԱԾ-ը Ձեզ կանչել էր զրույցի: Ինչո՞ւ, ինչ թեմայի մասին են խոսել Ձեզ հետ:

Զրույցի կանչել են, բայց չեմ ուզում մանրամասնել:

Ըստ հրապարակման՝ ԱԱԾ Ձեզ կանչելը Սմբատ Գոգյանի հետ «ռազբորկայի» պատճառով է: 

Սմբատ Գոգյանի հետ «ռազբորկան»… դա ամենածիծաղելի թեման է, որ Գրիշա Թամրազյանը կարող էր տղայական զրույց ունենալ Սմբատ Գոգյանի հետ:

Ամիսներ առաջ ԱՕԿՍ-ի շենքի օտարման վերաբերյալ պարզաբանել էիք, որ որեւէ կապ չունեք դրա հետ: Հայտնի է, որ քրեական գործ է հարուցվել Քննչական կոմիտեում: Մինչ օրս Ձեզ հետ քննչական որեւէ գործողություն արվե՞լ է:

Ոչ մի քննչական գործողության չեմ մասնակցել, ոչ մի առնչություն չունեմ այդ քրեական գործի հետ:

Սոնա Դավթյան