տուն Հասարակություն Իրավական ԱԱԾ-ն`Ռազմիկ Աբրահամյանի եւ դատախազի հանդիպման լուրի մասին

ԱԱԾ-ն`Ռազմիկ Աբրահամյանի եւ դատախազի հանդիպման լուրի մասին

1115
0

Նախորդ տարի իրավապաշտպան Արտակ Գալստյանն ու փաստաբան Սուսաննա Սարգսյանը տեղեկություն հրապարակեցին, թե ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու ՀՀ գլխավոր մանկաբարձ, երեխաների վաճառքի համար մեղադրվող Ռազմիկ Աբրահամյանը հանդիպել են: Նրանք գրել էին, թե՝ բոլոր մեղադրյալներն այժմ ազատության մեջ են, և առաջանում է հիմնավոր կասկած, որ ՀՀ Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանը կարող է ունենալ անձնական կամ այլ շահագրգռվածություն Ռազմիկ Աբրահամյանին և նրա ենթադրյալ հանցակիցներին քրեական պատասխանատվությունից ազատելու գործում:

Araratnews.am-ը պարզաբանման համար դիմել էր դատախազություն, որտեղից տեղեկացրել էին, որ այդ հրապարակումն ուղարկել են Ազգային անվտանգության ծառայություն` քննության:

Մեզ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն գործի քննությունն ավարտել է: Գրավոր հարցմամբ խնդրել էինք Araratnews.am-ին տալ քննության արդյունքները: «…Նյութերի նախապատրաստման ընթացքում ԱԱԾ հրավիրված Ա. Գալստյանը հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում տալուց՝ քննությանը հայտնելով իր տեղեկությունների աղբյուրները:

Ձեռնարկված քննչական, դատավարական միջոցառումներով պարզվել է, որ հաղորդման մեջ նշված վայրում Ռ. Աբրահամյանը հանդիպումներ է ունեցել ոչ թե գլխավոր դատախազի, այլ իր իրավաբանի հետ, և տվյալ հանգամանքն ակնհայտ է եղել տեղեկություն տարածողի համար:

Ավելին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ՀՀ գլխավոր դատախազի կողմից նշված վայր այցելելու և այնտեղ Ռազմիկ Աբրահամյանի, Լիաննա Կարապետյանի և այլ անձանց հետ հանդիպումներ ունենալու վերաբերյալ առհասարակ որևէ տվյալ չի ստացվել:

Այսինքն, նյութերի նախապատրաստմամբ հերքվել են վերը նշված հրապարակման մեջ ներկայացված տեղեկությունները, և հիմնավորվել է, որ քրեական գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձանց հետ ՀՀ գլխավոր դատախազի հանդիպումների, դրանց հանգամանքների վերաբերյալ պնդումները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը:

Նման պայմաններում որոշում է կայացվել պետական ծառայության դեմ ուղղված որևէ հանցագործության դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժել հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Միաժամանակ, նկատի առնելով, որ ստացված տվյալներն առերևույթ վկայում են դատախազին կոնկրետ գործով քննություն վարելու հետ կապված զրպարտելու՝ քրեական պատասխանատվություն նախատեսող արարքների մասին՝ նշված փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում իրականացվում է նախաքննություն…»:

Հ.Գ.- Փաստորեն, ԱԱԾ-ն  քրեական գործ է հարուցել իրավապաշտպանի ու փաստաբանի դեմ` դատախազին զրպարտելու համար: Սպասենք քննության արդյունքներին:

Սոնա Դավթյան